Մատչելիության հղումներ

Դեսպան Սարգսյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ԵՏՄ-ին միանալու Հայաստանի շարժառիթները


Մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատությունը անցկացրել է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը խոսել է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի շարժառիթների մասին։

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ղրղըզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից և առևտրի դեպարտամենտից, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Քննարկման առաջին կեսում ելույթներով են հանդես եկել, այնուհետև ներկաների հարցերին պատասխանել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ինչպես նաև ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, զարգացման և անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը:

Դեսպան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Մասնավորապես, նա ասել է, որ Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում: Ուստի, ըստ Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ, և այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաև հիշատակել է այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում գտնվելու հանգամանքը:

Դեսպան Սարգսյանը կարևորել է նաև Եվրամիության հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևաչափի հաստատման հարցում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման և տնտեսության բազմազանեցման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG