Շաբաթ օրը «Ժառանգության» վարչության խորհրդակցություն կանցկացվի, որի ժամանակ էլ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը կբացատրեն, թե ինչու են գնացել Բաղրամյան 26, այսօր հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Փորձելու ենք պարզաբանում ստանալ, թե ինչպես եղավ, որ այս երկու անձը գնացին Բաղրամյան 26»,- Գյումրիում հայտարարեց Փոստանջյանը։
Փոստանջյանն ու կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը Վանաձոր, ապա Գյումրի էին եկել առանց «Ժառանգության» առաջնորդի, թեև ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր այսօր այդ քաղաքներում հանդիպումներ անցկացնել: Ասացին՝ Հովհաննիսյանն այժմ Հայաստանում չէ և չի մասնակցել նաև նախագահական նստավայր գնալ-չգնալու շուրջ կուսակցությունում տեղի ունեցած քննարկումներին:
Հարցին՝ իսկ տեղյա՞կ է, որ իր երկու կուսակիցները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանին, Փոստանջյանը պատասխանեց.- «Պարոն Հովհաննիսյանը այդ քննարկմանը ներկա չի եղել, այս պահին նա գտնվում է հանրապետությունից դուրս»։
Փոստանջյանը ևս մեկ անգամ քննադատեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած քննարկումները Սահմանադրության փոփոխության շուրջ՝ կուսակցության անունից հայտարարելով, թե «Ժառանգությունը» դեմ է «սահմանադրական բարեփոխումներ կոչված ֆարսին»:
«ՀՀ նախագահի նախաձեռնած գործողությունները համարում ենք կեղծ, դրանք չեն սպասարկում հայ ժողովրդի շահը և գտնում ենք, որ սա ուղղակի միտված է նրան, որպեսզի Սերժ Սարգսյանի ախորժակը բավարարվի, այսինքն շարունակվի նրա կողմից իշխանության բռնազավթումը։ Հետևաբար կարիք չկար մասնակցելու։ «Ժառանգությունը» դեմ է սահմանադրական բարեփոխումներին՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Երբ կունենանք օրինական իշխանություն, արդյունավետ ընտրական օրենսգիրք, այդ դեպքում միգուցե նախաձեռնվեն սահմանադրական բարեփոխումներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Վանաձորում էլ Փոստանջյանը հայտարարեց.- «Պատկերացրեք յուրաքանչյուր քաղաքում մենք ունենանք 300 հոգի կազմակերպված խումբ, որը ասում է՝ ոչ, այդպիսի սահմանադրական բարեփոխումներ բռնազավթիչ Սերժ Սարգսյանի կողմից մենք մերժում ենք»։
Փոստանջյանն ասաց, որ դեռ չի հանդիպել Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ, տեղյակ չէ, թե ինչ են խոսել Սերժ Սարգսյանի հետ: Հարցին՝ արդյոք նրանց այդ քայլը նշանակո՞ւմ է, որ կուսակցության ներսում պառակտում կա, Փոստանջյանը պատասխանեց.- ««Ժառանգության» ներսում ոչինչ չի կատարվում, ուղղակի իրենց հավանաբար հրավիրել են, իրենք էլ որոշել են գնալ։ «Ժառանգության» կողմից այս հրավերը չի ընդունվել։ Ես կարող եմ ասել՝ նրանք որպես մասնավոր անձինք այցելել են։ «Ժառանգությունում» որոշում չի եղել այդ հրավերը ընդունելու և այցելելու Բաղրամյան 26։ Մենք քննարկել ենք և բոլորը դեմ են եղել այդ մասնակցությանը։ Չգիտեմ ինչու են որոշել գնալ»։
Փոստանջյանը հավելեց՝ իշխանափոխությունը մնում է իրենց օրակարգում, քանի որ երկրում ստեղծված սոցիալական վիճակը հետզհետե վատթարանում է: