Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ խորհրդարանի քննարկմանը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցում կատարող, նաև՝ գործող նախագահականը պահպանող, «Ազատությանը» փոխանցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Նա Սերժ Սարգսյանին երեկ հանդիպածների շարքում էր։
«Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինքն էր գտնում, որ թե նախագահական համակարգի դեպքում, թե պառլամենտականի դեպքում կան հնարավոր վտանգներ և ավելի շատ պետք է խոսել այդ վտանգները չեզոքացնելու մասին»,- ասաց Քոքոբելյանը։
Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու «Ժառանգությունը» անցած ամիսներին կարծում էին, որ իշխանությունն այս գործընթացը նախաձեռնել է մեկ՝ վերարտադրման նպատակով։
Անցած սեպտեմբերին հենց այս դիրքորոշման պատճառով քառյակը դարձավ եռյակ, իշխանություններին դեմ լինելով՝ Դաշնակցությունը կողմ էր սահմանադրական բարեփոխումներին։
Սերժ Սարգսյանը երեկ քննարկման չէր հրավիրել Հայ ազգային կոնգրեսին։ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հրավերներ ստացել էին և ընդունել դրանք։ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց՝ բովանդակային հարցերի շուրջ չեն զրուցել։
«Մենք մեր նախկին դիրքորոշումը հայտնել ենք և ասել ենք, որ քննարկումների այդ ձևաչափը կարող է շարունակվել։Մենք ասում էինք, որ երկրում կան հարցեր, ու Սահմանադրությունը չի խանգարում, որ այդ հարցերը լուծվեն։ Մենք խոսել ենք քննարկման ձևաչափի, վեկտորի, մոտեցումների մասին։ Բովանդակություն չի քննարկվել»,- փոխանցեց Մելքումյանը։
Խորհրդարանում, ըստ Մելքումյանի, ԲՀԿ-ն մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների քննարկումներին։
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան 26 էին գնացել առաջարկներով՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում, ընդդիմությանը վերահսկողական լծակների, կուսակցություններին՝ պետական լուրջ ֆինանսավորման տրամադրում, սահմանադրական բարեփոխումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նաև Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների անձեռնմխելիություն։
Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, երկրորդը, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մարտիրոսյանը հավաստիացրեց՝ երեկ Սերժ Սարգսյանի հետ խոսել են բացառապես այս առաջարկների մասին։
«Մենք վերջում եկանք այն պայմանավորվածության, որ իշխանությունը կքննարկի և մեզ պատասխան կտա»,- ասաց Մարտիրոսյանը։
Եթե իրենց առաջարկները չընդունվեն, Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգությունը» չի մտնի բովանդակային քննարկումների մեջ և չի ողջունի «իշխանության վերարտադրման գործընթացը»։ Բայց եթե ընդունվեն, համոզված էր, դրանցով հնարավոր կլինի խափանել Սերժ Սարգսյանի ձեռնարկը։
«Ինչպես եք պատկերացնում՝ եթե ցուցակները հրապարակվեն ընտրություններից հետո, ի՞նչ ձևով կլինեն, ասենք, քվեարկության արդյունքները։ Կամ 100 տոկոս համամասնական էլ հետը լինի, ձեզ ոնց է թվում, արդյոք իշխանափոխություն չի լինի՞»,- ասաց Մարտիրոսյանը։
«Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ քննադատվեց թե կուսակցության ներսում, թե դրանից դուրս։ Lragir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ նախօրեին կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը դեմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ «Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել դրան, հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ, «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,- ասել էր պատգամավորը։
«Ես չեմ պատասխանելուԶարուհի Փոստանջյանի որևէ դիտարկմանը, այդ թվում նաև վիրավորանքներին։ Դրա համար կա կուսակցական հարթակ, կա կուսակցության վարչություն, մենք այնտեղ կքննարկենք։ Եթե 2003 թվականից, ինչ ես կուսակցության անդամ եմ, կլինի գեթ մի դեպք, որ ցույց կտա, որ ես կուսակցության որոշումներին հակառակ քայլ եմ կատարել, ես պատրաստ կլինեմ ամբողջովին այդ պատիժը կրել»,- ասաց Մարտիրոսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չէր մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ վերջինս այժմ Միացյալ Նահանգներում է՝ ընտանեկան հարցերով։
«Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ Հայաստանում կուտակված խնդիրների պատճառը Սահմանադրության անկատարությունը չէ, բայց քննարկման կողմնակից է, բոյկոտը, նրա խոսքով, արդյունավետ եղանակ չէ։
«Սահմանադրության փոփոխությամբ չէ, որ վերարտադրվում են։ Վերարտադրման տարբեր լծակներ կան, և այո, կարծում եմ նաև, որ իշխանական քաղաքական մեծամասնությունը անշուշտ ձգտում է, որ վերարտադրվի։ Բայց դա չի նշանակում, որ մենք, ովքեր դեմ են այսօրվա քաղաքական մեծամասնությանը, պետք է անմասն մնանք այն փաստաթղթից, որը հրամցվելու է մեր ժողովրդին, և որտեղ կարող են ավելի վտանգավոր կետեր լինեն, քան այսօրվա Սահմանադրությունում»,- ասաց Քոքոբելյանը։
«Ազատ դեմոկրատները» կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցներ են, բայց այսօր Քոքոբելյանը ձեռնպահ մնաց ասել՝ դեմ են, թե կողմ իշխանության նախաձեռնած փոփոխություններին.- «Դա շատ հստակ պատճառ ունի, նախ չկա վերջնական տեսքով այն փաստաթուղթը, որին պետք է դեմ լինես կամ կողմ»։
Քոքոբելյանը նաև տպավորություն ուներ, որ սահմանադրական բարեփոխումների երկու փաթեթները իշխանություն մտադիր է խորհրդարան բերել մինչև աշնանային նստաշրջան։ Թե հանրաքվեն երբ կանցկացվի, նախագահին հանդիպած ուժերից որևէ մեկը տեղյակ չէր։