Յաշինը մտադիր է հրապարակել Նեմցովի «Պուտին՝ պատերազմ» անավարտ զեկույցը

Ուկրաինայի արևելքում ռուսական զինուժի ներկայությունը փաստող Բորիս Նեմցովի անավարտ զեկույցը կհրապարակվի ապրիլի կեսերին։ Այս մասին հայտարարել է ռուս ընդդիմադիր գործչի կուսակից Իլյա Յաշինը ֆեյսբուքյան իր էջում։

«Մենք մեր առջև նպատակ ենք դրել պատրաստել այնպիսի զեկույց, որ նույնիսկ Պուտինի կողմնակիցները կարդալով այն՝ հասկանան, որ Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականներ են զոհվում, տեղի է ունենում եղբայրասպան պատերազմ, և որ այն պետք է կանգնեցնել»,- գրել է Իլյա Յաշինը։

Յաշինը պատմել է նաև, որ Նեմցովի մահից հետո նրա բնականում տեղի ունեցած խուզարկությունից հետո զեկույցի մաս կազմող փաստաթղթերի մի մասը հայտնվել է իրավապահների ձեռքում, և երբ իրենք հայտարարել են զեկույցը ամեն գնով ավարտին հասցնելու մասին, մարդիկ են արձագանքել՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել իրենց ձեռքի տակ եղած փաստերը և լրացնել Բորիս Նեմցովի «Պուտին՝ պատերազմ» զեկույցը։

Յաշինը նշել է, որ խոսքը լուրջ և իրազեկ մարդկանց մասին է, ովքեր մեծ փորձառություն ունեն այդ գործում, որոնց անունները հասկանալի պատճառներով առայժմ չի ուզում հայտնել։

Փետրվարի 27-ին Կրեմլի պատերի տակ սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը հեղինակ է մի շարք այլ աղմկահարույց զեկույցների, որոնցում բացահայտել է Պուտինի և նրա վարչակազմի կոռուպցիոն գործարքները՝ «Պուտինը և Գազպրոմը», «Պուտին, արդյունքներ, 10 տարի»: Իսկ ամենաքննարկվողը թերևս Սոչիի 2014 թվականի օլիմպիադայի մասին զեկույցն է, որով հեղինակը ցույց է տվել պատմության մեջ ամենաթանկ և ամենակոռումպացված Օլիմպիադան, որը ղեկավարել են անձամբ Պուտինի ընկերները:

Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հենց Պուտինն է իր հոր սպանության «քաղաքական պատասխանատուն»: Ժաննա Նեմցովան, ով հոր սպանությունից հետո անմիջապես մեկնել է Մոսկվայից և այժմ գտնվում է Իտալիայում, BBC-ին ասել է, որ չի հավատում հետաքննությանը, քանի որ Կրեմլը շահագրգիռ չէ ճշմարտության բացահայտմամբ։

«Նա Պուտինի քննադատն էր, պայքարում էր նրա և միայն նրա դեմ»,- ասել է Նեմցովան։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտի՞նն է հրամայել սպանել Բորիս Նեմցովին, նա պատասխանել է.- «Ես փաստեր չունեմ, սակայն նա պատասխանատու է քաղաքականապես»:

Եվրախորհրդարանը երեկ կոչ է արել Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել: Երեկ համապատասխան բանաձև է ընդունել: «Եվրախորհրդարանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կարող են օգնել անաչառ և արդար հետաքննության անցկացմանը»,- նշված է Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ ընդունված բանաձևում, որը ներկայացրել են Եվրախորհրդարանի 5 խմբակցություններ:

ԱՄՆ-ի Սենատը ևս արագ և թափանցիկ հետաքննության կոչ է անում։ Նեմցովի սպանության վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել նաև ամերիկյան խորհրդարանի վերին պալատը։