Եվրախորհրդարանը պահանջում է անցկացնել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային անկախ հետաքննություն: Խորհրդարանը ընդունել է հատուկ բանաձև, որով Ռուսաստանի իրավապահներին կոչ է անում սպանությունը բացահայտելու հարցում համագործակցել միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ:
Ըստ եվրոպացի օրենսդիրների, Նեմցովն իր կյանքը նվիրաբերել է դեմոկրատական, բարգավաճող և բաց Ռուսաստան կերտելու, հայրենիքի ու հարևան երկրների ու գործընկերների միջև բարիդրացիական կապեր հաստատելու գործին:
Եվրախորհրդարանը դատապարտել է եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներին և դիվանագետներին Նեմցովի հուղարկավորությանը չթողնելու Մոսկվայի որոշումը:
Ըստ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, 1998-ից ի վեր Ռուսաստանում տեղի են ունեցել քաղաքական աղմկահարույց սպանություններ, որոնցից մի քանիսի հանգամանքները առ այսօր բացահայտված չեն:
«Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են վերջ տալ հարևանների, արևմտյան աշխարհի և սեփական ժողովրդի դեմ վարած տեղեկատվական պատերազմին ու խայտառակ պրոպագանդային, որի արդյունքում Ռուսաստանում ստեղծվել է հալածանքների, ատելության ու վախի մթնոլորտ», - ասվում է բանաձևում:
Եվրոպացի օրենսդիրների ընդունած փաստաթղթում ասվում է նաև, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի ընդդիմության լիդերների, անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ քաղաքական և իրավական ճնշումների, ահաբեկումների, սպառնալիքների գործելակերպը:
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Իրինա Յարովայան արձագանքել է, թե Նեմցովի սպանության միջազգային հետաքննության կարիք չկա:
«Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե պարզվի, որ սպանությանը առնչություն ունեն օտարերկրացիներ: Դոնբասում մարդկանց զանգվածային սպանությունների համատեքստում Եվրախորհրդարանի ընդունած այդ բանաձևը քաղաքական ֆարս է և վկայում է, որ Նեմցովի սպանությունը Ռուսաստանի դեմ ծրագրված հանցանք էր», - ասել է ռուսաստանցի պատգամավորը:
Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին մասնակցել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, ով Բորիս Նեմցովի նկատմամբ հաշվեհարդարը համեմատել է Նատալյա Էստեմիրովայի, Աննա Պոլիտկովսկայայի, Ստանիսլավ Մարկելովի, Անաստասիա Բաբուրովայի, Սերգեյ Մագնիտսկու և Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունների հետ:
«Այդ մարդկանց միջև շատ ընդհանրություններ չեն եղել մինչև այն պահը, երբ նրանց սպանել են անձինք, ովքեր այսպես կոչված «պետության թշնամիներին» իրենց օրինական թիրախն են համարում», - ասել է Մոգերինին: