Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել տնտեսական այս դաշինքի միասնական արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ սա ուղղակի նշանակում է, որ Մոսկվան կյանքի է կոչում Եվրասիական միությունում միասնական արժույթ ստեղծելու իր ծրագիրը։
«Սա ևս մեկ անգամ և լրացուցիչ ցույց է տալիս, որ Եվրասիական տնտեսական միություն կոչվածը ընդամենը ծխածածկույթ է, որի հետևում Ռուսաստանը պարզապես կուրս է վերցրել հետխորհրդային պետությունները կլանելու և պետականությունները լիկվիդացնելու ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։
Դեռ անցած տարվա ապրիլին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրը, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ միասնական արժույթի և նրա անվան հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից: Աղբյուրը նաև նշել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտրոնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որը գտնվելու է Ալմաթիում:
Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ այս միության տնտեսական օգուտների մասին նույնիսկ խոսել չարժե: «Սա ուղղակի Հայաստանի անկախության վերջին նշույլները պարզապես կվերացնի՝ դիմացը չտալով ոչինչ, որովհետև Ռուսաստանի տնտեսությունն այսօր կանգ է առել, ոչ մի միտում չկա, որ իրավիճակը կբարելավվի, ավելին՝ բազմաթիվ են պատճառները, որոնք մեզ ստիպում են եզրակացնել, որ Ռուսաստանի տնտեսությունն ուղղակի կվերածվի քաոսի, նույնիսկ անկառավարելի քաոսի։ Հետևաբար, այդ ծակ նավի մեջ Հայաստանի գտնվելը պարզապես վտանգում է Հայաստանի Հանրապետության գոյությունը», - շեշտեց փորձագետը։
Եվրասիական միությանն անդամակցող երկրների առաջնորդները վաղը հանդիպելու են: Երրորդ ամիսն է Հայաստանը միացել է տնտեսական այս դաշինքին, բայց նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ Պուտին - Լուկաշենկո - Նազարբաև բանակցություններին: Հայտնի չէ՝ հայկական կողմը հրավեր չի՞ ստացել, թե՞ սեփական նախաձեռնությամբ Աստանա չի մեկնելու։
«Այսինքն, մեզ ամուսնացնում են՝ առանց մեր կարծիքը հարցնելու։ Փաստորեն, այո՛, Հայաստանն այն որոշումները, որ իր մասին կընդունվեն, կիմանա մամուլից», - ասաց Մեհրաբյանը։