Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել ԵՏՄ միասնական արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ։
Հանձնարարականի տեքստը տեղադրված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, դեռ անցած տարվա ապրիլին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ միասնական արժույթի և նրա անվան հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից: Աղբյուրը նաև նշել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտրոնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որը գտնվելու է Ալմաթիում: