Նեմցովի սպանությունից 10 օր անց. Պուտինը պարգևատրել է Կադիրովին

Your browser doesn’t support HTML5

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «իսկական հայրենասեր» որակումը նախընտրեց Նեմցովի սպանության մեջ մեղադրվող ու երեկ կալանավորված Զաուր Դադաևին բնութագրելիս:

Ի դեպ, ավելի վաղ Ռամզան Կադիրովը նրան պարգևատրել էր «արիության մեդալով»:

Չեչնիայի նախագահն ասել է, թե չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևին շատ լավ է ճանաչում, հետո էլ ավելացրել, թե Դադաևը վիրավորված է եղել ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական պարբերականում մուսուլմաններին առնչվող ծաղրանկարներից: Կադիրովի այս հայտարարությունից հետո ռուսական մամուլում նոր թափ ստացավ Բորիս Նեմցովի սպանության կրոնական-ազգայնական վարկածի շրջանառությունը:

Կադիրովի երեկվա հայտարարություններն ու նրան պարգևատրելու վերաբերյալ՝ Պուտինի այսօրվա հրամանագրի հրապարակումը զուտ «պատահականություն» է որակել Պուտինի խոսնակ Պեսկովը:

Երեկ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված 5 անձանցից 4-ը ձերբակալվել են Ինգուշեթիայում: Պաշտոնական աղբյուրները չեն նշում մեկի ձերբակալության վայրը:

Ինգուշեթիայում մարտի 5-ին և 6-ին ձերբակալվել էին Անզոր Գուբաշևն ու Զաուր Դադաևը, հաջորդ օրը ձերբակալված 3 անձանց շարքում էր Անզորի եղբայրը՝ Շահիդ Գուբաշևը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գուբաշև եղբայրներն ազգակցական կապ ունեն Դադաևի հետ: Նրանց հարազատները պնդում են, որ ձերբակալվածները չէին կարող մարդ սպանել:

«Շատ լավ մարդիկ են, դպրոցում սովորել են շատ լավ: Զաուրի մասին՝ ընդհանրապես չգիտեմ ինչ ասեմ», - այսպես են արտահայտվում Դադաևի հարազատները:

Զաուր Դադաևը դատարանում, 8-ը մարտի, 2015թ.

Ճաղերի հետևում հայտնված մյուս երկու անձինք են Խամզաթ Բախաևը և Թամերլան Էսկերխանովը: Եվս մեկի՝ Բեսլան Շավանովի ձերբակալության փորձերը նախօրեին ավարտվել են կասկածյալի մահվամբ. վերջինս, ձերբակալվելու վտանգն աչքի առջև, պայթեցրել է նռնակն ու մահացել:

Դատարանը, կայացնելով կալանքի որոշումը, պատճառաբանել է, որ 5 մեղադրյալները խոստովանել են հանցանքը, բայց լրագրողները փաստում են, որ միայն մեկն է ստանձնել պատասխանատվությունը, մյուսները դատարանում հերքել են մեղադրանքները:

Ռուսական մամուլում փորձեր կան, անանուն աղբյուրների վկայակոչմամբ, կարծիք ձևավորել, թե, իբր, կալանավորվածներն իրենց ցուցմունքներում նշել են, որ Նեմցովի սպանության առիթը մուսուլմանական աշխարհի վերաբերյալ նրա հայտարարություններն են եղել: Մամուլ սպրդած այս համոզմունքը միանգամայն համապատասխանում է գործի քննության մեկնարկին Ռուսաստանի քննչական կոմիտեի առաջ քաշած հիմնական վարկածին. այս գործն ի սկզբանե քննում է ազգայնական դրդապատճառներով քրեական գործերում հմտացած քննչական խմբի ղեկավարը:

Կասկածներ

Բորիս Նեմցովի համախոհ-ընկերներից նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի խոսքով՝ կալանավորվածների ազգանուններն իրեն ոչինչ չեն ասում: Նեմցովի մյուս ընկերը՝ Իլյա Յաշինը չի թաքցրել, որ իր համար կասկածելի է նախաքննության վարկածը, թե Նեմցովի սպանությունն իսլամիստական հիմքեր ունի: Յաշինը պնդում է, որ օբյեկտիվ քննության շահերից է բխում հարցաքննել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը:

«Տեղի է ունեցել շատ ցուցադրական հանցագործություն՝ Կրեմլի հարևանությամբ: Ես չեմ հավատում, որ մարդասպանները դա կանեին առանց պետության, հատուկ ծառայությունների աջակցության», - ասել է նա: - «Նեմցովը երբեք որևէ վատ բառ չի ասել Իսլամի մասին: Նա շատ հանդուրժող էր կրոնի հարցում: Իհարկե, նա քննադատել է «Շառլի Էբդոյի» ուղղությամբ արձակված կրակոցները, բայց շատ հանրային դեմքեր հրապարակավ նրանից ավելի խիստ են քննադատել: Այնպես որ՝ վարկածը, թե իբր հենց Նեմցովն էր նյարդայնացնում Ռուսաստանի արմատական իսլամիստներին, որևէ քննադատության չի դիմանում»,- պնդել է Իլյա Յաշինը:

Նա Կադիրովի վերջին հայտարարություններից հետո գնահատել է. - «Այդ դեպքում սպանության հետքերը տանում են Գրոզնի՝ ուղիղ Կադիրովի աշխատասենյակ: Բաց է մնում հարցը, թե դա (սպանությունը) եղել է Կադիրովի անմիջակա՞ն նախաձեռնությունը, թե՞ համաձայնեցված է եղել Պուտինի հետ»: