Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի ու իր համախոհների բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանի կողմից 1-7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթն ու իր համախոհները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել այդ վճիռն ու արդարացման որոշում կայացնել։
Շանթ Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ Գյումրիում անցած շաբաթ տեղի ունեցած ոճրագործությանը՝ կոչ անել զերծ մնալ հակառուսական տրամադրություններից․ - «Այսօր Ռուսաստանի դեմ որևէ էմոցիոնալ գործողությունը ծառայելու է հայ ժողովրդի շահերի դեմ: Պետք է հասարակությունը դուրս գա և իշխանությունը փոխի, նորմալ իշխանություն ձևավորի»:
Առաջին ատյանի դատարանի վճռով վեց տարվա ազատազրկման դատապարտված Հարությունյունն այսօր կրկին պնդեց, թե նախաքննությունն ու դատավարությունն իրականացվել են բազմաթիվ խախտումներով․ - «Համակողմանի են ասում, թե բազմակողմանի՝ քննություն չի կատարվել: Եթե որևէ մեկը ֆիզիկական ուժ գործադրելով փորձի կանխել իմ ասելիքը, ես էլի համարժեք, որպես անզիջում մարդ, կպաշտպանեմ իմ համոզմունքները ․ եթե իրենք լեզվով են ասում՝ լեզվով կպաշտպանեմ, եթե բռունցքով են ասում՝ բռունցքով կպաշտպանեմ»:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ լուրջ ակնկալիք չունի Վերաքննիչ դատարանից, քանի որ դատապարտվել է Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ դուրս գալու համար:
Նա անգամ հեգնեց՝ դատարանին խորհուրդ տալով իրենց դատել ռուսաստանյան օրենքներով․ - «Չէ՞ որ ես դեկտեմբերի 2-ին այդ ցույցերը նախապատրաստում էի, դեկտեմբերի 2-ին Պուտինին բենզինի շշով փախցնելու Հայաստանից, որպես հայ ժողովրդի մեծագույն թշնամի»:
Մեղադրող կողմը այսօր դատարանին միջնորդեց ուժի մեջ թողնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին: