Մատչելիության հղումներ

Գյումրիի սպանդը Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության գլխավոր թեման էր


Գյումրիի սպանդը Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության գլխավոր թեման էր
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Գյումրիում իրականացված ոճրագործությունն այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվող Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության գլխավոր թեման դարձավ:

5 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վարդան Վարդանյանը նիստի մեկնարկին նախ առաջարկեց հոտնկայս հարգել սպանվածների հիշատակը։

Դատարանը չառարկեց. հետո, սակայն, ողջ նիստի ընթացքում նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը պարբերաբար ընդհատում էր ամբաստանյալներին՝ պնդելով, թե Ավետիսյանների ընտանիքի սպանդը այս գործի հետ կապ չունի:

Վարդան Վարդանյանը հակադարձեց.- «Ձեզ ի՞նչ ասեմ ես... ռուսին բերեք, վեց հոգու սպանել է, նախագահը մի հատ ծպտուն չհանեց, բայց իմ մասին ասում է՝ խուլիգան է»։

Ազատամարտիկ Վարդանյանը Վերաքննիչ դատարանին հարցրեց՝ իրենց պրակտիկայում քննե՞լ են դեպք, երբ մարդը մեդալները փակցնի համազգեստին ու գնա խուլիգանություն անելու.- «Մեր պայքարը եղել է համակարգի դեմ, որ վերջապես երբ ենք ազատվելու ռուսի ստրկությունից։ Էսօր լեննականցիք ելել են, կռիվ են անում, հազիվ մի հատ թասիբով շրջան եղավ, որ երեսներս պարզ արին։ Հիմա էդ սաղին խուլիգա՞ն եք դարձնելու։ Եթե խուլիգան են, ես համաձայն եմ, ես էլ եմ խուլիգան»։

20 տարի հայկական բանակում ծառայած Արմեն Հովհաննիսյանը, որ առաջին ատյանի վճռով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, որոշեց ասելիքը ռուսերենով հնչեցնել.- «Под покровом ночи проникает ваши дома и хладнокровно уничтожает женщин и детей».

Հովհաննիսյանը դահլիճից 1937 թվականի հոտն էր առել.- «Ու կարծես իմ դիմաց նստած է տխրահռչակ НКВД-ի տրոյկան, որը կանխորոշված վճիռ են կայացնելու իմ և իմ ընկերների նկատմամբ»։

Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, թե իշխանությունները կամ պետք է իրենց քաղաքական բանտարկյալներ հռչակեն, կամ էլ անհապաղ դադարեցնեն դատական այս տեռորը.- «Նման պայմաններում առնվազն ծիծաղելի կլիներ իմ կողմից Վերաքննիչ դատարանից ակնկալել արդարադատություն ոստիկանական բռնապետությունում այլախոհության, հայրենասիրության համար՝ ազատազրկման դատապարտվելուց հետո։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Միսակ Առաքելյանն էլ, ում դատարանը միայն տուգանել է, ընդգծեց, թե Գյումրիում իրականացավ այն, ինչի մասին իրենք զգուշացնում էին նոյեմբերի 5-ին։

Չորս տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը փորձում էր հիմնավորել, որ նոյեմբերի 5-ի բախումը ոստիկանական սադրանք էր, Շանթ Հարությունյանը, սակայն ընդհատեց ընկերոջը.- «Ուզո՞ւմ ես էս մարդուն ապացուցես, որ դու խուլիգան չես։ Ինքը գիտի՛»։

Ազատազրկվածների պաշտպանները ներկայացնելով վերաքննիչ բողոքը՝ դատարանից միաբերան պահանջում էին արդարացման վճիռ կայացնել՝ Շանթին ու ընկերներին ազատ արձակալելով հենց դատարանի դահլիճից:

Փաստաբան Արա Զաքարյանը, մասնավորապես, վերաքննիչ ատյանին խնդրեց անմեղության կանխավարկածի խախտում գնահատել Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը, թե Շանթ Հարությունյանը հանցագործ է։

«Հուսով եմ, հարգելի դատարան, որ ձեր մեջ կգտնվի ուժ և կամք իրավունքը պաշտպանելու, այլ ոչ թե հանրապետության նախագահի ասածները կատարելու»,- ասաց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG