«Յուրաքանչյուր հայի ցանկցությունն էր, որ հայկական կողմը կատարեր քննությունը, սակայն գործող օրենքը շրջանցել չի կարելի», - կարծում է իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ համոզիչ համարելով դատախազության ներկայացրած հիմնավորումը, թե Ավետսիյանների ընտանիքին սպանդի ենթարկելու մեջ կասկածվող Պերմյակովի գործը ռուսական կողմը պետք է վարի, քանի որ կասկածյալը Ռուսաստանի քաղաքացի է:
Բաղդասարյանը, սակայն, չի համարում, որ այս դեպքում Հայաստանը հայտնվում է դիտորդի կարգավիճակում․ - «Բնականաբար դա չի նշանակում, որ եթե քննությունը կատարի ռուսական կողմը, ուրեմն հայկական կողմը կգտնվի դիտորդի կարգավիճակում։ Եվ ես չեմ կարծում, որ ռուսական կողմը հակված չէ, որպեսզի օրենքի ամենայն խստությամբ պատժի այդ սադրիչին, որովհետև մենք ունենք բազմաթիվ հեռախոսազրույցներ ռուսական մեր գործընկերների, իրավապահների, քաղաքական գործիչների հետ։ Ցնցված են մարդիկ պարզապես այդ երևույթով, պարզապես ցնցված են և նրանք պատրաստակամություն են հայտնել, որ բոլոր մանրամասները պարզելուց, քննությունը կատարելուց հետո օրենքի ամենայն խստությամբ պետք է պատժվի»։
Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով, հայկական կողմի անելիքը կարող է լինել այն, որ Հայաստանի գլխավոր դատախազը Ռուսաստանի դատախազից պահանջի գործը։
«Բայց չեմ կարծում, որ նրանք իրենց քաղաքական գործը պետք է տրամադրեն, և դա չի տեղավորվում որևէ սահմանների մեջ։ Եվ հաջորդ քայլը, որ պետք է լինի՝ դա այն է, որ մեր կողմից հարուցված քրեական գործը և կատարված քննությունը, պետք է միացվի Ռուսաստանի կողմից հարուցված գործին։ Որոշումը պետք է կայացնի գլխավոր դատախազը, բայց ես դա տրամաբանության մեջ եմ գտնում, որ այդ գործերը պետք է միացվի և ընդհանուր այդ գործերի քննության արդյունքում դատապարտվի այդ հանցագործը», - ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գլխավոր դատախազը կարող է պահանջել, որ Ռուսաստանը փոխանցի գործը, սակայն այս հարցում վերջնական որոշումը Ռուսաստանինն է, և դժվար թե գործը Հայաստանին փոխանցելու որոշում կայացնի: Բաղդասարյանը շարունակեց․ - «Հաջորդ քայլը, որ պետք է լինի, դա նաև այն գործը, որը հարուցվել է մեր կողմից և քննությունը կատարվել է, պետք է միացվի Ռուսաստանի կողմից հարուցված գործին»:
«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Հայաստանի դատախազությունը քաղաքական հայտարարություն է արել: Նա նշում է, թե օտար պետության սահմանադրությանը հղում կատարելով՝ Հայաստանի դատախազությունը մոռանում է իր պարտականությունների, Հայաստանի սահմանադրության և միջազգային կոնվենցիաների մասին․ - «Մարդկանց զրկել են կյանքի իրավունքից: Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատշաճ կերպով քննություն կատարի: Մինչդեռ փաստացի Հայաստանը հրաժարվում է պատշաճ քննություն իրականացնելուց, հրաժարվում է իր իրավազորության ներքո գտնվող խնդիրները լուծելուց և հղում է կատարում օտար պետության սահմանադրությանը»:
Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ դեպքին պետք է թե՛ իրավական, թե՛ քաղաքական հստակ գնահատական տրվի․ տեղի ունեցածը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար․ - «Այսօր բազմազգ Ռուսաստանի ներկայացուցիչները, որ ոչ միայն ռուսներ են, այլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զինված: Եվ նրանք զինված կարողանում են հարձակվել Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիների վրա: Եվ բացի այդ, նրանց կանխելը, նրանց նկատմամբ վերահսկողությունը, փաստորեն, Հայաստանի Հանրապետության ներքո չի գտնվում: Սա իրոք լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ ինքնիշխանության, թե՚ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության նկատմամբ»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իրավապահները ավելի քան 12 ժամ չեն կարողացել գտնել և ձերբակալել կասկածյալին: Սա, ըստ Կարապետյանի, վկայում է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, նրա հանձնարարություններից ոչ մեկը չի կատարվել, ուստի Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պետք է պաշտոնանկ արվեն․ - «Անմիջապես պետք է պաշտոնանկ արվեն այն պատասխանատուները, որոնք ավելի քան 12 ժամ չեն կարողացել պատշաճ մակարդակով իրականացնել որոնողական աշխատանքները և ձերբակալել այդ հանցագործին՝ թողնելով նրան ազատության մեջ այդքան երկար ժամանակ: Որովհետև սա նույնիսկ անվտանգության խնդիր է և անվտանգության մտահոգություններ է առաջացնում»: