Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետ․ Ռուսաստանը Պերմյակովին Հայաստանին չի հանձնի


Ռուսաստանցի փորձագետ․ Ռուսաստանը Պերմյակովին Հայաստանին չի հանձնի
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Ռուսաստանցի ռամական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, ռուսական կողմը Հայաստանի վեց քաղաքացու, այդ թվում՝ կանանց ու երեխաների սպանության մեջ կասկածվող զինծառայողին Հայաստանին չի հանձնի, վաղ թե ուշ նա կհայտնվի Ռուսաստանի տարածքում, որտեղ էլ նրան կդատեն:

«Ամենայն հավանականությամբ նրան հոգեկան հիվանդ կճանաչեն, ու նա կհայտնվի Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա հավանաբար «քաղաքական որոշում է»:

Նրա կարծիքով, ռուսական կողմը գտել է, թե ավելի լավ է մի քանի օր դիմանալ այն բողոքի ալիքին, որ կարող է Հայաստանում բարձրացնել այդ որոշումը, քան հանցագործին թողնել Հայաստանում, ինչը նշանակի, որ հարցը ամիսներ շարունակ կմնա հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում:

Ֆելգենգաուերը նշեց, որ երկրների մեծամասնությունը նման դեպքերում իրենց զինծառայողին չեն հանձնում, և հավելեց․ - «Դատական գործընթացը Հայաստանում, ռուսական կողմի գնահատմամբ, կարող է օրակարգում թողնել հակառուսական թեման, իսկ այսպես․․․ մի քիչ կաղմկեն, կանցնի-կգնա: Ահա այս տրամաբանությամբ է կայացվել որոշումը»:

Փորձագետի գնահատմամբ՝ նման ողբերգությունը հնարավոր է դարձել նաև այն պատճառով, որ Ռուսաստանում բանակ են տանում «ում ասես», քանի որ զորակոչը լրացնելու խնդիր ունեն:

Ինչ վերաբերում է Գյումրիի ռազմակայանի ղեկավարությանը, նա հնարավոր է համարում, որ հրամանատարներից մի քանիսը հետ կանչվեն:

Երեկ առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նա արդեն ձերբակալվել է, ընդունել է իր հանցանքը և գտնվում է ռուսական կողմի մոտ:

Նշենք նաև, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:

XS
SM
MD
LG