Փարիզից 35 կիլոմետր հեռու՝ Դամարտեն-ան-Գոել քաղաքում, ֆրանսիական «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա ահաբեկչական գրոհից հետո Կուաշի եղբայրներին որոնելու ժամանակ, առնվազն մեկ անձ դարձել է պատանդ:
Ոստիկանները տարբեր միջոցներով, այդ թվում՝ ուղղաթիռներով, շարունակում են հատուկ գործողությունը: Շրջապատված է այն շենքը, որտեղ, ըստ իրավապահների, Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներն են: «Շառլի Էբդո»-ի գրասենյակի վրա զինված գրոհի և 12 սպանությունների գործով կասկածվող երկու եղբայրներն այդ շենք հասնելու ճանապարհին առևանգել են մի քանի փոխադրամիջոց:
88 հազար ուժայիններ են կենտրոնացել Կուաշի եղբայրներին հայտնաբերելու համար:
Երկու օր առաջ շաբաթաթերթի վրա հարձակման հետևանքով սպանվեց 12 մարդ, այդ թվում՝ 8 լրագրող՝ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, թղթակիցներ, ծաղրանկարիչներ, նաև՝ երկու ոստիկան:
«Շառլի Էբդո»-ի գործով ահաբեկիչներին ձերբակալելու՝ իրավապահների գործողությունների կապակցությամբ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը փոխել է թռիչքների չվացուցակը: Դամարտեն-ան-Գոելից օդանավակայանը հեռու չէ:
Եղբայրներից մեկի՝ Շերիֆ Կուաշիի նախկին փաստաբան Վենսան Օլիվիեն ֆրանսիական հեռուստաընկերության հետ զրույցում ասել է․ - «Ես միայն մեկ խորհուրդ ունեմ պարոն Կուաշիին, և դա ոստիկանությանը հանձնվելու խորհուրդն է»:
Կաուշի եղբայրներից մեկը 2005 թվականին դատապարտվել էր ահաբեկչության մեղադրանքով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը րոպեներ առաջ ասուլիսով հանդես եկավ Ներքին գործերի նախարարությունում: Վարչապետի և ներքին գործերի նախարարի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ Օլանդն անդրադարձավ ահաբեկչության իրավիճակում Ֆրանսիայի կառավարության անելիքներին: Նա հայտարարեց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին:
«Մենք պետք է նաև նպաստենք նման դեպքերը խիստ միջոցներով կանխելուն: Մենք հասկանում ենք, որ կրկնությունը հնարավոր է ամեն պահի: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Օլանդը:
Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը ներկա իրավիճակը բնորոշել է որպես «ահաբեկչության դեմ պատերազմի կարգավիճակ»: