Մատչելիության հղումներ

«Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ»․ Օլանդը բնորոշել է երգիծական հանդեսի վրա հարձակումը


«Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ»․ Օլանդը բնորոշել է երգիծական հանդեսի վրա հարձակումը
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները:

Ահաբեկչություն՝ Ֆրանսիայի դեմ․ այսպես է անվանել նախագահ Օլանդը այսօր առավոտյան Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակումը, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել:

Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են առնվազն երկուսը՝ դիմակավորված, սևազգեստ ու «Կալաշնիկով» ավտոմատներով զինված: Խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն ներխուժել են «ալահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ պնդել, թե «մարգարեի վրեժը լուծվեց»:

Մարդասպաններին հաջողվել է փախուստի դիմել: Ընդ որում, հարձակումն իրականացվել է «Շառլի Էբդո»-ի հերթական համարի լույս ընծայումից մի քանի ժամ անց: Յուրաքանչյուր չորեքշաբթի հրատարակվող թերթն այս անգամ առաջին էջին տպագրել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի ծաղրանկարը:

«Սա բացառիկ բարբարոսություն է, մենք թիրախում ենք, քանի որ ազատ երկիր ենք», - հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում խոսքով վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրավապահներին հաջողվել է Ֆրանսիայում մի քանի ահաբեկչական գործողություն կանխել:

Այլ մանրամասներ պետության ղեկավարը չի հայտնել: Ներքին գործերի նախարարությունը Փարիզում անվտանգության աստիճանը հասցրել է ամենաբարձր մակարդակի՝ հավելյալ ուժեր տեղակայելով սրբատեղիներում, խանութներում ու մամուլի գրասենյակներում:

«Մենք պետք է ցույց տանք, որ միասնական ենք, պատրաստ ենք պայքարել այսօրինակ սպառնալիքների դեմ և պատժել մեղավորներին», - դեպքի վայր ժամանելով՝ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, որի համար տարիներ առաջ «Ալ-Քաիդա»-ն գլխագին էր սահմանել։

«Շառլի Էբդո»-ն ծայրահեղականների թիրախում էր հայտնվել դեռ 2006-ից, երբ վերահրատարակել էր դանիական ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, հետո էլ, չնայած բազմաթիվ սպառնալիքներին, արդեն սեփական նախաձեռնությամբ շարունակեց այս թեմայով հրապարակումները: Երեք տարի առաջ, հերթական ծաղրանկարից հետո անհայտ անձինք կրակի էին տվել խմբագրության գրասենյակը:

Այսօրվա ահաբեկչությունը դատապարտել են տասնյակ տերությունների առաջնորդներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերն ու Ռուսաստանի առաջնորդը: Լրատվամիջոցները փաստում են, որ սա Ֆրանսիայում վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենաարյունալի ահաբեկչությունն էր:

Մարդասպաններին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս: Իրավապահները չեն բացառում, որ հնարավոր են նոր հարձակումներ: Հաղորդվում է, որ այսօր ավելի ուշ Օլանդը կառավարության արտակարգ նիստ կհրավիրի և հատուկ ուղերձով կդիմի ֆրանսիացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG