Այսօր երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում Հայաստանի նախագահը: Այստեղ վաղը Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին, որով, ըստ էության, տրվելու է ԵՏՄ-ի պաշտոնական մեկնարկը:
Եվրասիական տնտեսական միությունը, որը փոխարինելու է Մաքսային միությանը, սկսելու է գործել հունվարի 1-ից: Միությանը միանալու մասին պայմանագիրը Հայաստանը կնքել է հոկտեմբերի 10-ին Մինսկում:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը, ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստին հետևելու է անդամ երկրների ղեկավարների մամլո ասուլիսը:
Մինչև ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ երկրների ղեկավարների հավաքները, Մոսկվայում հանդիպում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն ու անվտանգության խորհրդի քարտուղարները: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Հայաստանը:
ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վաղը կայանալիք հավաքների հիմնական ինտրիգը այս անգամ Ռուսաստան - Բելառուս հարաբերությունների շուրջ է լինելու: Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվային հասցեագրված կոշտ քննադատությամբ էր հանդես եկել և պահանջել էր, որպեսզի Բելառուսի և Ռուսաստանի միջև առևտրային հաշվարկը կատարվի ոչ թե ռուբլով, քանի որ այն արժեզրկվել է, այլ դոլարով կամ եվրոյով: Բացի այդ, Մոսկվա մեկնելուց առաջ Լուկաշենկոն Կիև է այցելել, որտեղ բանակցություններ է անցկացրել իր ուկրաինացի գործընկերոջ հետ և Պետրո Պորոշենկոյին խոստացել է օգնություն: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել Ուկրաինային», - ասել է Բելառուսի նախագահը:
Որոշ փորձագետներ հոռետես են ԵՏՄ-ի ճակատագրի հարցում: Շատերը համոզված են, որ սա ԱՊՀ-ի նման հերթական մի կառույց է լինելու, որը ստեղծվում է սոսկ ստեղծվելու համար, և իրականում հարաբերությունները հետխորհրդային հանրապետությունների և Ռուսաստանի միջև նախկինի պես կառուցվելու են երկկողմ հարաբերությունների ձևաչափով:
Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը նույնպես համոզված է, որ Եվրասիական միությունը, որը Աստանայի պահանջով դարձել է զուտ տնտեսական միություն, անիմաստ կազմակերպություն է, որը մեծամասամբ մնալու է թղթի վրա, ինչպես ԱՊՀ-ն:
«Հանելով քաղաքական բովանդակությունը՝ Նազարբաևը վերջնականապես դե ֆակտո տապալեց այս միությունը, քանի որ քաղաքականությունից դուրս այստեղ առանձնապես բան չկա: Քաղաքական բովանդակություն կա միայն Ռուսաստան - Հայաստան հարթության մեջ: Մինսկը կամ Աստանան ոչ մի դեպքում նման խաղեր չեն խաղալու: Հայաստանն էլ այլընտրանք չունի», - «Ազատություն TV»-ի եթերում երեկ ասել է Վադիմ Դուբնովը և կարծիք հայտնել, որ նույն Ղարաբաղի հարցը կարող է դառնալ այն խաղաքարտը, որ Բելառուսի կամ Ղազախստանի նախագահները կարող են օգտագործել հարմար պահի:
Հիշեցնենք, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և այս փաստը պաշտոնապես շեշտվել է թե՛ Մոսկվայում, թե՛ Աստանայում, թե՛ Մինսկում Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելիս: