Մատչելիության հղումներ

Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը


Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից։

Այսօր գրեթե միաձայն Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ 450 պատգամավորներից այսօր դահլիճում ներկա էին 441-ը, բոլորը կողմ են քվեարկել, բացառությամբ մեկի:

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին մինչև քվեարկությունը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նշանակալից իրադարձություն է միության համար: Սրա հետ մեկտեղ, Սլուցկին ասել է, որ լուծվել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր տարաձայնությունները, և Հայաստանը միացել է Եվրասիական միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Մինչև քվեարկությունը ելույթ են ունեցել Պետդումայի բոլոր 4 ֆրակցիաների ներկայացուցիչներ և կոչ են արել քվեարկել վավերացման օգտին:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քվեարկությանը՝ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Լեբեդևը ասաց․ - «Վերջին տարիների ընթացքում որևէ օրենք Հայաստանի խորհրդարանում չէր հաստատվել նման, փաստորեն, միահամուռ քվեարկությամբ»:

Հիշեցնենք, որ պայմանագիրը դեկտեմբերի 2-ին Պետդումա էր ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին փաստաթուղթը հաստատել էր Ռուսաստանի կառավարությունը։

Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, հիշեցնենք, ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։

Այս փաստաթղթում դրույթներ են ընդհանուր մաքսային տարածքի, ընդհանուր արտաքին տնտեսական քաղաքականության, նավթամթերքների, դեղորայքի ընդհանուր շուկայի, միգրացիոն օրենքների մասին։

Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանն այս միության հիմնադիր անդամ չէ և, ըստ պայմանագրի, միության անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից հետո։

Եվրասիական տնտեսական միությունը պաշտոնապես դեռ չի սկսել գործել, սակայն արդեն կան լուրջ տարաձայնություններ հիմնադիր անդամ երկրների միջև, օրինակ՝ օրերս Բելառուսը միակողմանիորեն վերականգնել է մաքսակետերի աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին և երկիր մուտք գործող մասնավոր մեքենաների ու բեռնատարների ստուգումներ է անցկացնում։

Ռուսաստանի և Բելառուսի հերթական վեճը պայմանավորված է Մոսկվայի նկատմամբ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցներով և ռուսական կողմի պատասխանով. Մոսկվան Մինսկին մեղադրում է եվրոպական ապրանքը որպես բելառուսական Ռուսաստան ներմուծելու մեջ։

Թե՛ բելառուսական, թե՛ ղազախական կողմերը պարբերաբար սպառնում են դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և Մոսկվային պահանջներ են ներկայացնում։

Նշենք, որ պաշտոնական Աստանայի պահանջով Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագրից դուրս են հանվել բոլոր այն կետերը, որոնք թույլ էին տալիս միությունը դիտել ոչ միայն որպես տնտեսական, այլ որոշ առումով նաև որպես քաղաքական միություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG