Տուժողի ներկայացուցիչը Վարդան Պետրոսյանից 13 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Your browser doesn’t support HTML5

Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը 13 միլիոն դրամի չափով փոխհատուցում պահանջեց ամբաստանյալ Պետրոսյանից:

Այսօր ակնկալվում էր, որ դատախազ Արթուր Սարգսյանը պետք է ներկայացնի մեղադրական ճառը: Սակայն փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայց ներկայացնելու վերաբերյալ Բալոյանի միջնորդությունը բավարարելուց հետո դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչը հանգամանորեն նշեց 4 տուժողների և 2 տուժողի իրավահաջորդների կողմից արված բոլոր ծախսերը: Շուրջ 13 միլիոն դրամից մոտ 10 միլիոնը գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու համար է: Ընդ որում՝ այդ 10 միլիոնից մոտ 8 միլիոնը վերաբերում է ապագա ծախսերին:

Ռուբեն Բալոյանը միայն իր կատարած փաստաբանական աշխատանքի համար ամբաստանյալից պահանջում էր ավելի քան 2 միլիոն դրամի փոխհատուցում, ինչը ամբաստանյալ Պետրոսյանը ողջամիտ չհամարեց և հրաժարվեց փոխհատուցել կոնկրետ այդ ծախսը:

Ինչ վերաբերում է Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերին, ապա Վարդան Պետրոսյանը շեշտեց, որ Տաթևիկին վերաբերում է որպես իր դստերը և պատրաստ է ամբողջ կյանքի ընթացքում օգնել նրան:

Ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Վարդանը խոսեց բարոյական տեսանկյունից, մինչդեռ իրավական տեսանկյունից պաշտպանը չի կարող ընդունել հայցը, քանի որ այն հստակ հիմնավորված չէ:

Բաղդասարյանի համար նույնպես անհասկանալի էր փաստաբանական ծախսերի համար պահանջվող գումարի չափը․ - «Ուզում ենք հասկանալ, տվյալ գումարը պարոն Բալոյանը դիտում է որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն տուժողներին պատճառված վնա՞ս, թե՞ որպես դատական ծախս»:

Այս հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց: Իսկ Բաղդասարյանը ավելացրեց, որ Բալոյանի ներկայացրած բուժման ծախսերի վերաբերյալ տեղեկությունները ևս իրեն վստահություն չեն ներշնչում, և ժամանակ է պետք այդ թվերը ստուգելու համար:

«Վարդան Պետրոսյանը վթարի հետևանքով տուժած ընտանիքներին արդեն որոշակի գումար փոխհատուցել է», - նշեց Բաղդասարյանը:

Սակայն տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը պնդեց, որ դրանք օգտագործվել են հուղարկավորության համար, և հայցապահանջի հետ այդ գումարը կապ չունի․ - «Մեր մեջ եղել է պայմանավորվածություն, որ դա ոչ մեկը չի իմանալու, որ սա կապ չունի հայցի հետ, բողոքի հետ, Տաթևիկի բուժման գումարի հետ: Իսկ եթե գերեզմանի հետ կապված ինչ-որ գումար մնացել է, մենք կարող ենք Ձեզ վերադարձնել»:

Պաշտպանական կողմը պնդեց նաև, որ ԱՊՊԱ ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր տուժողի համար 3 միլիոն դրամ է հատկացնում, և միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հարցում ուղարկել կոնկրետ ընկերությանը՝ պարզելու, թե ինչքան գումար է տրամադրել ապահովագրական ընկերությունը տուժողներին: Դատավորը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ նիստը կկայան դեկտեմբերի 25-ին:

Վարդան Պետրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: