Ուրբաթ օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից տուժածների իրավահաջորդները։
Նրանց ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որպեսզի ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին լրացուցիչ հարցաքննելու հնարավորություն ընձեռնվի, քանի որ անցած մի քանի նիստերին տուժողների իրավահաջորդները չէին մասնակցել։
Մինչև նիստը նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանը կքննարկեր տուժող կողմի միջնորդությունը, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր վստահորդը չի պատրաստվում պատասխանել տուժող կողմի իրավահաջորդի հարցերին և խնդրեց դատարանին մերժել միջնորդությունը։
Բաղդասարյանը հավելեց, որ բավարարում են ամբաստանյալի ցուցմունքները տուժող կողմին, թե ոչ, կարող են արտահայտել իրենց ճառում: Վարդան Պետրոսյանը նույնպես պնդեց, որ այսօր չի պատրաստվում պատասխանել տուժող կողմի իրավահաջորդների հարցերին։
«Նախորդ դատական նիստի վերջում ես տուժողների ներկայացուցչին ասեցի, որ մի անհանգստացեք, ես մի օր դուրս եմ գալու և գնալու եմ էդ մարդկանց մոտ: Ինձ էնտեղից պատասխանեցին՝ թե դու չես գնալու: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ իրենց ներկայացուցիչը էդպես մտածեց, արդյոք նա իսկապես ներկայացնում է տուժողներին: Այնուամենայնիվ, ես միշտ հակված եղել եմ այցելելու, և մենք էսպիսի խոսակցություն ենք ունեցել մի անգամ Հայկ Հակոբյանի հետ, երբ ես զանգահարել էի ցավակցելու, նա ասաց՝ Վարդան, ես քեզ հարցեր ունեմ տալու, ես ասել եմ՝ ես դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, դու քո հարցերն ինձ կտաս, և ես կպատասխանեմ քո բոլոր հարցերին», - հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Նրա խոսքով, տուժող կողմի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի ներկայությունը դատարանում նշանակում է նորից կոնֆլիկտային վիճակ ստեղծել։
Տուժող կողմը բացասաբար արձագանքեց ամբաստանյալի լռությանը․ - «Այսինքն, ո՞նց հասկանանք հարգելի դատարան, երկու 16 տարեկան երեխա սպանել է, չի ուզում իմ հարցերին պատասխանած լինի՞: Ես ստեղ չեմ եղել, ինքը իրա հեքիաթները պատմել է, թողեք մի քիչ էլ մենք խոսենք, մենք էլ արտահայտվենք»:
Չնայած դատավորը բավարարեց ամբաստանյալին լրացուցիչ հարցաքննելու միջնորդությունը, այդուհանդերձ, Վարդան Պետրոսյանը պնդեց, որ լռելու է․ - «Արթուր Հակոբյան, ես քո բոլոր հարցերին պատասխանելու ունեմ, և կտամ քո աչքերին նայելով, բայց դատարանում տրված հարցերն ուրիշ են, իսկ դրսում քո՝ ինձ տված հարցերն ուրիշ են լինելու: Դու դրսի հարցերն ինձ էստեղ մի տուր, ես չեմ փախչելու»:
Դատական նիստը շարունակվեց դատա-ավտոտեխնիկական փորձագետի հարցաքննությամբ, որի ընթացքում տուժող կողմին վրդովվեցրեց այն, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կանգնած է խոսում և անընդհատ տեղաշարժվում է, բացի այդ՝ տուժողի իրավահաջորդին վրդովվեցրել էր պաշտպանի ժպիտը։
Դատա-ավտոտեխնիկական փորձագետի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում։ Տուժող կողմը պնդում է, որ վթարը տեղի է ունեցել ավտոճանապարհի կողնակում, իսկ պատասխանողը վստահեցնում է, որ վթարի վայրը բանուկ մասն է։