Վարչապետ․ Եթե աթոռ են ուզում, թող գան 2017-ին

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին «լավ բաներ» են սպասվում:

Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանային խնդիրները չխորանան, ապա հնարավոր է նաև տնտեսական աճ արձանագրել:

«Որ օգուտներ ենք քաղելու և որ նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը ԵՏՄ-ին անդամակցելը, դա փաստ է», - լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը խորհրդարանում վավերացնելուց անմիջապես հետո:

«Ազատության» հարցին, թե արդյոք 2015-ին Հայաստանը տնտեսական աճ կունենա, Աբրահամյանը պատասխանեց․ - «Մենք պլանավորել ենք 4.1 տոկոս տնտեսական աճ բյուջեում, և ակնկալում ենք, եթե այս տարածաշրջանային խնդիրները ավելի չխորանան, մենք կփորձենք մեր իրատեսական բյուջեն կատարել և արձանագրել տնտեսական աճ»:

Այսօր ավելի վաղ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձավ վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկմանը, ոչ իշխանական եռյակի հետ հնարավոր համագործակցությանն ու իշխանափոխության խնդրին:

Աբրահամյանը վստահեցրեց, թե եռյակը, այդ թվում՝ իր հետ խնամիական կապերի մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը, իշխանափոխության չի գնում․ - «Չեն գնում իշխանափոխության: Իմ կարծիքով: Իմ խնդիրը չի սկսում և ավարտվում պրոբլեմներ ստեղծելով: Հակառակը՝ ես ուզում եմ բոլորին համատեղենք, միասին խնդրին տանք լուծում: Ես հասկանում եմ՝ և՛ ընդդիմության, և՛ դիմության խնդիրը դա պիտի լինի այս երկրում․ անձնական շահերը պիտի դնենք մի կողմ, եթե խնդիր կա, մարտահրավեր, միասին լուծենք այդ խնդիրը: Իրենք ի՞նչ են ուզում․․․ Ուզում են մեր առոթները տանք, իրենք ղեկավարե՞ն: Թող գան 2017 թվականին, ներկայացնեն ծրագրեր, մեր հասարակությունը, ընտրողները ձայն տան իրենց, գան իրենք Ազգային ժողովում ընտրություն կազմակերպեն, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն և իշխեն: Դա է միակ ուղին»:

Անդրադառնալով վերջին օրերին դրամի շարունակվող արժեզրկմանը՝ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ կլինեն դեպքեր, երբ ոմանք կփորձեն օգուտներ ստանալ այս իրավիճակում, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անում է, որպեսզի կարգավորի փոխարժեքի տատանումները․ - «Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը կկարգավորվի»:

Դիտարկմանը, թե քաղաքացիները կարծում են, որ գնաճը շատ ավելի բարձր է 5 տոկոսից, ինչի մասին այսօր ինքը խոսել է կառավարության նիստում, Աբրահամյանն արձագանքեց․ - «Ես խոսում եմ մոնիտորինգի արդյունքներին ծանոթանակալով, տեղեկանալով: Եվ դրա համար այսօր հանձնարարեցի, որպեսզի կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն, ևս մեկ անգամ մենք կդիտարկենք: Ամեն դեպքում, մեզ դա մտահոգում է, և մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի: Այստեղ ներկրողների խնդիրն է դժվարանում, քանի որ իրենք վճարում են դոլարով, բայց վաճառում են դրամով, և այս կուրսի տատանումը իրենց շահույթների վրա ունենում է իր բացասական ազդեցությունը»: