Մատչելիության հղումներ

Խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ պայմանագիրը


ԵՏՄ պայմանագրին դեմ քվեարկեցին որոշ ընդդիմադիր պատգամավորներ և «Ժառանգությունը»
please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00

Խորհրդարանն առանց դժվարության այսօր վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Պահը իշխանական պատգամավորներն այնքան արժեվորեցին, որ քվեարկության ավարտին ծափեր բաշխեցին։

Գործընթացը նախաձեռնած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական մեծամասնությանը միացան «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և «Օրինաց երկիրը»։ Խորհրդարանի 6 խմբակցություններից միայն «Ժառանգությունը» դեմ արտահայտվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ դաշինքին։

Որոշումը ընդունվեց 103 կողմ, 7՝ դեմ, 1՝ ձեռնպահ ձայներով։
ԵՏՄ-ին դեմ արտահայտվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը։ Չնայած Դաշնակցության որոշմանը՝ քվեարկել կողմ, Աղվան Վարդանյանը ձեռնպահ մնաց։

Քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ խմբակցության շատ անդամներ, օրինակ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընդհանրապես չէին եկել խորհրդարան։ Քննարկումներին հետևող Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Աղաբաբյանը չմասնակցեցին քվեարկությանը։

«Ժառանգության» անունից ելույթ ունեցող Ռուբիկ Հակոբյանը ռուսներին այսօր չմեղադրեց, ասաց՝ ստեղծված իրավիճակի համար մենք ենք մեղավոր.- «Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, ստվերը ավելի շատ է, քան իրական ֆինանսատնտեսական շարժը, որ մենք մենաշնորհ ենք հաստատել և բացարձակապես վերացրել ենք մանր և միջին բիզնեսը։ Ինչո՞ւ չենք հասկանո՞ւմ, որ նրանք մեղավոր չեն։ Նրանք մի խնդիր ունեն՝ օգտվել մեր թույլ տված սխալից և լավագույնս օգտվում են»։

Հակոբյանը անգամ Ռուսաստանի կորուստներն էր հաշվարկել.- «Ռուսաստանի վրա մենք շատ թանկ ենք նստել, մոտ 4 միլիարդ դոլար է ծախսել՝ համոզելու Ղազախստանին ու Բելառուսին, նաև՝ մեր ղրղըզ եղբայրներին, որ Հայաստանն էլ պետք է գա Մաքսային միություն»։
Դաշնակցության համար ԵՏՄ-ն նախ և առաջ անվտանգության հարց է, ասաց Արմեն Ռուստամյանը։

«Մենք ոչ թե լավ այլընտրանք չունենք, այլ չունենք այլընտրանք»,- ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը։

Լևոն Զուրաբյանը բացատրեց ինչո՞ւ են կողմ քվեարկում՝ երկար թվարկելով ինտեգրացիոն գործընթացի թե դրական, թե բացասական կողմերը։ Եթե ՀԱԿ-ն իշխանության լիներ, ասաց, երկակի խաղ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ չէր խաղա՝ կորցնելով թե մեկի, թե մյուսի վստահությունը և հարգանքը։

«Ցանկացած պահի անդամ երկրները կարող են միությունից դուրս գալու հայտ ներկայացնել և մեկ տարվա մեջ ավարտել այդ գործընթացը։ Անկախության կորստի մասին բոլոր խոսակցությունները հետևաբար հուզականության ոլորտից են, իսկ ինքնիշխանության իրական կորուստը կապված կլինի ոչ թե ԵՏՄ-ի կանոնադրության, այլ այն հանգամանքի հետ, որ Հայաստանի իշխանությունները, չլինելով ընտրված և լեգիտիմ, ԵՏՄ-ում ներկայանում են ոչ թե պահանջներ և հարցեր բարձրացնող, այլ ենթարկվողի և հրամաններ կատարողի դերում»,- ասաց Զուրաբյանը։

ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, թե խորհրդարանը քննարկում է մեկ հարց, որն արդեն լուծված է։ Նրա կարծիքով՝ պետք չէ ողբերգություն սարքել, Հայաստանը կարող է և տնտեսական օգուտներ ունենալ.- «Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին։ Ամենևին ոչ։ Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը։ Մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս օրերին հնչած մտահոգություններին որոշեց արձագանքել։ Գործընկերներին հանգստացրեց՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը երկար չի տևի, ինչպես և պատժամիջոցները։ ՀՀԿ-ի խիստ դրական վերաբերմունքը Եվրասիական միությանն ընդգծելու համար հայտարարեց՝ «ոչ միայն կողմ են պայմանագրին, այլև ողջունում են»։

«Զարմանքս եմ հայտնում իմ ընդդիմադիր գործընկերների հուզմունքի, անհանգստության վրա, երբ նույն Արևմուտքը և ամերիկացիները շատ հանգիստ են իրավիճակին վերաբերվում։ Պետք չի այդքան հուզվել, անհանգստանալ։ Ես հասկանում եմ, թե ինչու մի քանի պատգամավորներ պետք է դեմ քվեարկեն։ Իհարկե, միայն չեմ կարողանում Ռուբիկ Հակոբյանի դեմ քվեարկելը պարզաբանել»,- ասաց Բաղդասարյանը։

ԵՏՄ անդամակցությանը դեմ քվեարկած եզակի պատգամավորներից էր նաև Էդմոն Մարուքյանը.- «Դեմ եմ ցանկացած բանի, որը կբացառի Հայաստանի՝ եվրոպական պետության տեսլականը»։

Այսօր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երկու ՀՀԿ-ական պատգամավորների՝ Խոսրով Հարությունյանի և Շուշան Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին։ Ընդդիմադիր պատգամավորը որոշել էր ընթերցել ռուսաստանցի մտավորականի մտքերը՝ գործընկերներին համոզելու համար, որ Ռուսաստանի հետ ճանապարհ գնալը վտանգավոր է։

Փոստանջյանի ռուսերեն ընթերցանությունը զայրացրեց Խոսրով Հարությունյանին։

«Որ այսպես շարունակեք, դուք էլ այս ամբիոնից ռուսերեն խոսելու»,- իրեն դիտողություն անող Հարությունյանին ասաց Փոստանջյանը։

Ապա ընդդիմադիր պատգամավորը կոչով դիմեց հանրապետականներին.- «Քվեարկելուց առաջ, ինչքան էլ որ ձեզ բերման ենթարկեն, դուք մի մասնակցեք, հիվանդացեք, մնացեք տանը»,- հորդորեց նա։ Փոստանջյանի ելույթի այս մասն էլ անտարբեր չթողեց Շուշան Պետրոսյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG