Իշխող Հանրապետականի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ցույց տվեց, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե Հայաստանում հասունացել է ամբողջական իշխանափոխության խնդիրը:
«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրա վառ ապացույցը երեկ խորհրդարանում արձանագրված պատկերն էր, երբ 131 պատգամավորներից ընդամենը 3-ը միացան Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին:
Երկրի ղեկավարի իմպիչմենտի ենթարկելու գործընթացին չմիացան անգամ ոչ իշխանական եռյակի ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»։
Հաշվի առնելով հենց այս հանգամանքը՝ Հանրապետականի խոսնակը արձանագրում է՝ բոլոր այն ուժերը, որոնք խոսում են իշխանափոխության մասին, իրականում իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չունեն:
«Սա նշանակում է մի հստակ իրողություն, որ այն բոլոր պնդումները, թե Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը, հասարակության մեծամասնությունը, ինչպես իրենք են ասում, տենչում են, երազում են ամբողջական իշխանափոխություն, որ Հայաստանում հասունացել է ամբողջական իշխանափոխության խնդիր, արհեստական օրակարգային հարցեր են»,- ասաց Շարմազանովը։
«Ավելին՝ մենք կարող ենք արձանագրել, որ այդ քաղաքական ուժերի մեծամասնությունը ընդունում է կամ գոնե դեմ հանդես չի գալիս Հայաստանում առանցքային հարցերի շուրջ վարվող քաղաքականությանը։ Այսինքն Հայաստանում նախագահ Սարգսյանի հրաժարականի հարց երբևէ այս փուլում չի եղել։ Եվ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք խոսում են դրա մասին, ևս մեկ անգամ արձանագրեցինք Փաշինյանի նախաձեռնությամբ, որ այսօր դա արհեստական խնդիր է, և օրակարգում նման խնդիր լինել չի կարող»,- ընդգծեց ՀՀԿ-ի խոսնակը։
Անդրադառնալով ՀԱԿ-ից և ԲՀԿ-ից հնչած այն բացատրություններին, թե իրենք չեն միացել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Փաշինյանի գործընթացին, քանի որ վստահ են եղել՝ այն միևնույն է ձախողվելու է, ԱԺ փոխնախագահը հակադարձում է՝ ոչ իշխանական ուժերը բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկել՝ շատ լավ իմանալով, որ միևնույն է Հանրապետական մեծամասնությունը մերժելու է դրանք:
«Ռուբիկ Հակոբյանի՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված որոշումը»,- օրինակ բերեց Շարմազանովը.- «Ի՞նչ է իրենք չգիտեին, որ Հանրապետականը դեմ է քվեարկելու, որ էսօր չքվեարկվեց»։
Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ դասական առումով այսօր համաժողովրդական շարժում չկա, ինչի մասին հայտարարել է եռյակը, անգամ ոչ իշխանական միասնական բևեռ չկա: Եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» երկրի համար առանցքային հարցերի շուրջ ունեն տրամագծորեն հակառակ սկզբունքային դիրքորոշումներ և դա չեն էլ թաքցնում, ապա չեն կարող ունենալ նաև միասնական օրակարգ: Ավելին՝ Հանրապետականի խոսնակն ընդգծում է՝ համաժողովրդական շարժման լոկմոտիվը հանդիսացող «Բարգավաճ Հայաստանը» և առանցքային դերակատար Գագիկ Ծառուկյանը երբևէ չի խոսել ամբողջական իշխանափոխության մասին։
«Գոնե երկու հանրահավաքի ժամանակ եռյակի ամենառանցքային գործչից, իմ ասելով չէ, իրենց ասելով, որովհետև հիմնական պատիվը, շնորհը առաջին նախագահը տվեց այդ հռետորին, նման գաղափարներ չեմ լսել»,- նշեց Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծում է՝ այժմ խորհրդարանում քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանգիրը, և բոլորը կտեսնեն, թե ոչ իշխանական ուժերի պատգամավորները ինչպես են քվեարկում, այս հարցում էլ համաժողովրդական շարժում նախաձեռնած ուժերը միասնական տեսակետ չունեն:
«Բա լավ, ես քաղաքացի եմ, գնում եմ միտինգի, ես էլ ցանկանում եմ մտնել ԵՏՄ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ պետք չէ, Տեր-Պետրոսյանն ասում է՝ անշրջելի է, ԲՀԿ-ն էլ իր քվեարկությամբ հանձնաժողովում ապացուցեց, որ ինքը կողմ է։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Նույնը կարող եմ ասել ներքին քաղաքականության մասին։ Ես կարող եմ ասել, որ ի տարբերություն իշխանության, որը ունի թե ներքին, թե արտաքին հստակ քաղաքական օրակարգ, եռյակը դա չունի»,- ասաց Շարմազանովը։
Հաշվի առնելով միասնական օրակարգի բացակայությունն ու անգամ իշխանափոխության հարցում ունեցած տարաձայնությունները՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ եռյակը, որը նախկինում քառյակ էր, դատապարտված է պառակտման:
Պատգամավորի համոզմամբ՝ այս հանգամանքը հաշվի է առել նաև Նիկոլ Փաշինյանը: Նա հեռատես լինելով հասկացել է՝ եռայկի ուժերը չեն կարող որևէ արդյունքի հասնել, քանի որ ընդհանուր գաղափար չունեն:
«Եվ ինքը կարծես թե առանձին ցանկանում էր, որ ինքը իր տեղը կայացնի ընդդիմադիր դաշտում, բայց չեմ կարծում, որ այս հարցով պետք է մտներ այդտեղ, որովհետև այս հարցը չի կարող հասունանալ, դրա հիմքերը բացարձակապես չկան»,- ասաց Բաղդասարյանը։
Հանրապետական մեկ այլ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փոխանցմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանն իմպիչմենտի նախաձեռնությամբ բացեց քողը՝ ցույց տալով ժողովրդին, թե ընդդիմության մեջ իրականում ինչպիսի քաղաքական շահեր կան:
«Ընդամենը բացեց վարագույրը... ճշմարտությունը մինչև, հազար ներողություն, անկողին, ի՞նչ կար, դե ճշմարտությունից խոսում էիք, խոսեիք մինչև վերջ, պաշտպանեիք մինչև վերջ։ Թող 44-ը ստորագրեին, ասեին, որ «մենք կանք», միգուցե դրանից հետո որոշ մարդիկ էլ միանային»,- ասաց Աղաբաբյանը։