Երեկ երեկոյան Երևան - Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ձերբակալվել է է «Իմեքս» ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ․ Վարդանյանը:
Հիշեցնենք՝ բեռնատարը բախվել էր «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել էր և հրդեհվել։ Գյումրի - Երևան երթուղայինի 14 ուղևորներից 7-ը տեղում մահացել են, մյուսները՝ տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց։ Զոհվածների թվում է միկրոավտոբուսի վարորդը, նաև ծանրամարտիկ, Հայաստանի պատանեկան առաջնության հաղթող Վանիկ Սարգսյանը: Վիրավորների թվում կար նաև 14 տարեկան երեխա։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 7 տուժածներից մեկը երեկ տեղափոխվել էր Երևան:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց, որ այս պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. - «Ընդամենը պլանային վիրահատություններ է պետք կազմակերպել, բուժումներ, այրվածքների բուժումներ»:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց որոշ մանրամասներ. - «Ըստ նախնական տվյալների և քրեական գործով հանցաքննված անձանց ցուցմունքների, բեռնատարի վարորդը երկրորդական ավտոճանապարհից «Կանգ առ» նշանի առկայության պայմաններում մուտք է գործել գլխավոր ավտոճանապարհ: Նախնական վարկածը, ըստ դեպքի վայրի զննության, հրդեհի առկայությունն է: Իսկ թե հրդեհը ինչից է սկսվել, ավտոմեքենայի որ հատվածից, պատասխանը կտա համապատասխան բնագավառի փորձագետը: Դեպքի վայրի զննությամբ տեսանելի է, որ պայթել են նաև ավտոմեքենայի գազի բալոնները: Սակայն պետք է նկատել, որ մեքենան դիմային հատվածով է հարվածել «Կամազ» ավտոմեքենային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի կապակցությամբ. - «Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում» - ասված է նախագահի ցավակցական ուղերձում:
Լրագրողների հետ հանդիպմանը զոհվածների ընտանիքներին իր ցավակցությունը հայտնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ զոհվածների ու տուժածների ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվելու. մեկական միլիոն դրամ կհատկացվի զոհվածների ընտանիքներին և 300 հազարական դրամ` տուժածների ընտանիքներին:
Նա հավելեց, որ տուժածների բուժման ծախսերը պետությունն ամբողջությամ իր վրա է վերցրել:
Գյումրի - Երևան մայրուղու այդ խաչմերուկում պարբերաբար վթարներ են տեղի ունենում: Մարզպետն այսօր ասաց, որ կփորձեն կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել․ - «Այնտեղ նախկինում եղել է ճանապարհի վրա ասֆալտից կառուցված արգելք, դա վերացվել է: Հիմա նորից մտածում են՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի այնտեղ մի արգելանշան դրվի, որևէ բան արվի: Ոստիկանապետի հետ քննարկել ենք այդ հարցը»:
Գյումրի - Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի (ԲՀԿ) ընտանիքին:
Գրիգորյանը հավաստիացնում է, որ միկրոավտոբուսը տեխնիկական որևէ խնդիր չի ունեցել․ - «Կոնկրետ այդ մեքենան երեք թե չորս օր առաջ կապիտալ վերանորոգումից ենք հանել»: