«Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը կալանավորվել է

Չեխիա - Անդրանիկ Սողոյանը Պրահայի դատարանում, 18-ը հոկտեմբերի, 2010թ.

Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ), որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ սպանության և շորթման մեղադրանքներով, և որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում, Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները, Սողոյանի վերաբերյալ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար, ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Անդրանիկ Սողոյանը 2009 թվականի ապրիլին ձերբակալվել էր Պրահայում, սակայն 2010-ի հոկտեմբերին Չեխիայի դատարանը նրան ազատ էր արձակել, և նա վերադարձել էր Գյումրի: 2011 թվականի ապրիլին Պրահայի գերագույն դատարանը լրացուցիչ քննության էր վերադարձրել Սողոյանի գործը: