46-ամյա Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») սպանության և շորթման մեղադրանքներով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Սողոյանի նկատմամբ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել է միջազգային հետախուզում:
Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները երեկ Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Սողոյանը ձերբակալված է, ինչի մասին հայտնվել է Հայաստանի գլխավոր դատախազությանը և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Անդրանիկ Սողոյանը, հիշեցնենք, 2009 թվականի ապրիլին ձերբակալվել էր Պրահայում, սակայն 2010-ի հոկտեմբերին Չեխիայի դատարանը նրան ազատ էր արձակել, և նա վերադարձել էր Գյումրի: 2011 թվականի ապրիլին Պրահայի գերագույն դատարանը լրացուցիչ քննության էր վերադարձրել Սողոյանի գործը: