Արտակ Զեյնալյան․ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հակասահմանադրական է»

Your browser doesn’t support HTML5

Իրավաբան Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հակասահմանադրական է, քանի որ այդ միության հիմնադիր պայմանագրում առկա են Հայաստանի սահմանադրությանը հակասող դրույթներ:

Նա բերեց հետևյալ օրինակը՝ Սահմանադրության առաջին հոդվածում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մինչդեռ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հավելված 1-ի 13-րդ կետում կարդում ենք․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր իրավասությունների սահմաններում կայացնում է որոշումներ, որոնք ունեն նորմատիվային-իրավական բնույթ և պարտադիր են անդամ-պետությունների համար…: Հանձնաժողովի որոշումները Միության իրավունքի մեջ են մտնում և ենթակա են անդամ-պետությունների տարածքում անմիջական կիրառման»:

«Հանձնաժողովի սահմանածը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող անձանց համար որևէ նշանակություն չունի, չպետք է ունենա, դա կարող է միայն Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո դառնալ կիրառման ենթակա ներսում, և մարդկանց համար առաջացնի իրավական հետևանքներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյնալյանը։

Ըստ Զեյնալյանի, Եվրասիական միության պայմանագրով, փաստորեն, Հայաստանի համար ստեղծվում է մի մարմին, որի որոշումները պարտադիր են լինելու մեզ համար, սակայն այդ մարմնին Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում և այդ մարմինը հաշվետու չէ Հայաստանի քաղաքացիներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը բերում է այլ օրինակներ: Եվրասիական միության հիմնադիր պայմանագրի 45-րդ հոդվածը ասում է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանում է ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքերը»: Մինչդեռ, Հայաստանի Սահմանադրության 83.5 հոդվածում կարդում ենք․«Բացառապես ՀՀ օրենքով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:

Բացի այդ, ԵՏՄ պայմանագրի նույն 45-րդ հոդվածով և հավելված 1-ի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրականացնում է մաքսային, ֆինանսավարկային, հակամենաշնորհային, դրամավարկային և մի շարք այլ ոլորտների քաղաքականությունը: Բայց Հայաստանի Սահմանադրության 89-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ կառավարությունն է «իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը»:

Իոաննիսյանը ընդգծեց՝ ԵՏՄ պայմանագիրը ոչ միայն հակասում է Հայաստանի սահմնադրությանը, այլև, միանալով այդ պայմանագրին, Երևանը Մոսկվային հանձնեց Եվրամիության հետ իր հարաբերությունների վերահսկողությունը․ - «Արտաքին տնտեսական քաղաքականությունը այլևս մեր փոխարեն իրականացնելու է Մոսկվայում նստող հանձնաժողովը: Այլևս մենք չենք որոշելու, թե ում հետ ինչպիսի հարաբերություններ ունենանք, այդ թվում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»: