Մատչելիության հղումներ

Պուտինի օգնական․ Վաղը Մինսկում կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը


Ղազախստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի Աստանայի նիստի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․
Ղազախստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի Աստանայի նիստի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Հոկտեմբերի 10-ին Մինսկում համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու, ըստ որի Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից միանալու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Վաղը Մինսկում անցկացվելու է Եվրասիական տնտեսական միության երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի, ինչպես նաև Հայաստանի ու Ղրղըզստանի նախագահների հանդիպումը, հայտնել է նա:

Հայաստանի նախագահը այսօր Մինսկ է մեկնում, արդեն այնտեղ է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ռուսաստանի նախագահի օգնականը Ղրղըզստանի անդամակցության վերաբերյալ ասել է, որ Մինսկի վաղվա հանդիպման մասնակիցները անդրադառնալու են նաև Մաքսային միությանը Ղրղըզստանի միանալու «ճանապարհային քարտեզը» իրականացնելու ընթացքին: Մանրամասնելով՝ նա նշել է, որ այդ «ճանապարհային քարտեզը» լրացվելու է նոր փաստաթղթով, միջոցառումների ծրագրով, որի միջոցով Ղրղըզստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի Միասնական տնտեսական տարածքի պահանջներին:

Մինսկի գագաթնաժողովի նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագիրը: Ռուսաստանը ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին էր վավերացրել այդ համաձայնագիրը:

Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ նախագահները մինչև 2015 հունվարի 1-ը, երբ կսկսի գործել ԵՏՄ-ն, դեկտեմբեր ամսվա մեջ ևս մեկ գագաթնաժողով անցկացնեն Մինսկում: Նա ասել է, որ Եվրասիական տնտեսական միության համար դեռ անհրաժեշտ է 50 նորմատիվային ակտ ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG