Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավոր. Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը


ՀՀԿ-ական պատգամավոր. Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

Իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը:

Նա, այնուամենայնիվ, խոսքի մեջ պահպանեց թեականությունը. արդյո՞ք ԵՏՄ-ի մյուս անդամները պատրաստ են գրկաբաց ընդունել Հայաստանին:

«Մենք պատրաստ ենք ստորագրելու այդ համաձայնագիրը: Եվ եթե ինչ-որ նոր նամակներ, Ադրբեջանի կողմից ակտիվություն, նաև Մաքսային միության անդամ երկրների առաջնորդների կողմից որևէ առարկություն չլինի, ապա վաղը Մինսկում կստորագրվի այն, ինչը սպասելի է», - ասաց նա:

Դավթյանի խոսքը նոր հարցեր առաջացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոս Հովհաննես Իգիթյանի մոտ: Նա փորձեց ճշտել, թե արդյոք Սերժ Սարգսյանը վաղը ստորագրելու է այդ փաստաթուղթը` պատգամավորից ստանալով հետևյալ պատասխանը. - «Վաղը կստեսնենք»:

Համաձայնագիրը ստորագրելու դեպքում Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ կկիսի մեկ տնտեսական տարածք:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հայտարարել է, որ վաղը Մինսկում ստորագրվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը:

Ռուս պաշտոնյանի նկարագրած հեռանկարին հաշված ժամեր են մնացել: Հայաստանցիները, սակայն, մինչև այս պահը անգիտության մեջ են․ արդյո՞ք Ղազախստանն ու Բելառուսը պատրաստ են գրկաբաց ընդունել Հայաստանին: Թե՛ մեկը, թե՛ մյուսը Արբեջանի հետ բարիդրացիական կապերը զարգացնելու շահագրգռվածությունը երբեք չեն թաքցրել: Հայաստանին ԵՏՄ ընդունել-չընդունելու հարցի համատեքստում Ղազախստանի նախագահն ասել էր, թե պետք է հաշվի առնել Ղարաբաղի հարցում Ադրբեջանի շահը:

Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը Եվրասիական տնտեսական միության հիմնադրման փաստաթուղթը ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին: Այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Չնայած Հայաստանի ղեկավարության պատրաստակամությանը՝ այս տարվա մայիսին մեզ չառաջարկվեց հիմնադիր անդամի կարգավիճակ:

Անընդհատ ձգձգվող անդամակցության հարցը եկավ-հասավ հոկտեմբեր, ու այսօր էլ հստակ չէ՝ անդամակցությունը լինելո՞ւ է, թե ոչ:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ չգիտեր: Ընդ որում՝ անդամակցության պայմանագրի չստորագրումը պատգամավորը պայմանավորում է միությունում Հայաստանի ապագա գործընկերների տրամադրվածությամբ․ - «Ես Վոլֆ Մեսսինգը չեմ, որ հասկանամ, թե ինչ է ասում պարոն Նազարբաևը: Դժվար է, իհարկե, ասել, թե վաղը ինչ-որ անակնկալներ կլինե՞ն թե՞ չեն լինի: Համենայն դեպս ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար»:

Մինսկում ԱՊՀ-ի և ԵՏՄ-ի գագաթնաժողովներին Հայաստանը մասնակցում է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով:

Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը վրդովված է․ - «Երկրի առաջին դեմքը գնում է մի տեղ, որտեղ օրակարգում պարզ չէ, այդ հարցը կա՞, թե՞ չկա, պարզ չէ՝ կստորագրի՞, թե՞ չի ստորագրի»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղված են ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանին սպասվող օգուտների մասին հրապարակումներով: Հովհաննես Իգիթյանի խոսքով, սակայն՝ Հայաստանն այդ անդամակցությունից միայն կորցնում է․ հնարավոր չէ շրջանցել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները:

«Ստորագրելով այդ փաստաթուղթը՝ Հայաստանը ևս մեկ անգամ կվարկաբեկվի աշխարհով մեկ, որովհետև, երբ ամբողջ աշխարհը դատապարտում է Ռուսաստանին, Հայաստանը գնում և ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ որ ակնհայտ երևում է, որ այդ ստորագրությունը քաղաքական է», - ասաց Իգիթյանը:

XS
SM
MD
LG