Ֆրենք Փալոն․ «Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է»

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ֆրենք Փալոն

«Ամերիկան Հայաստանի համար պիտի անի այն, ինչ կարող է՝ իմանալով, որ Հայաստանը կանի այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից», - ընդգծում է հայամետ կոնգրեսականը:

Սիրիայում վերջերս հայկական եկեղեցու պայթեցման փաստը սարսափեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնին, ում խոսքերով՝ իրեն միշտ մտահոգել է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է։

«1915 թվականից ի վեր եղել են բազում փաստեր, երբ փորձեր են արվել հայերին սպանել միայն նրանց ազգային պատկանելության ու կրոնական դավանանքի պատճառով։ Պարզապես սարսափելի է նաև այն փաստը, որ հայկական եկեղեցի են մեր օրերում պայթեցնում այնտեղ, որտեղ 1915 թվականին բազում հայեր են դարձել ցեղասպանության զոհ», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց նա:

Փալոնի խոսքերով՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ոչնչացնելու համար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների կողմից իրականացվող օդային գրոհներից բացի, հարկավոր է արմատախիլ անել այս խմբավորման ծայրահեղական գաղափարախոսությունը․ - «Կրոնական ծայրահեղ դրսևորումների վրա հիմնված այդ գաղափարախոսությունն է ծնում ատելություն, որի դեմ հարկավոր է անկոտրում պայքար մղել, պայքար մղել ամենուր, ուր տեղի են ունենում ցեղասպանություններ»:

Հայ - ամերիկյան կապերն ավելի ամրապնդելու հարցի շուրջ խոսելով՝ Ֆրենք Փալոնը հիշեցրեց Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից իրականացվող գործունեության մասին, որի ջանքերով աճում են առևտրի ծավալները երկու երկրների միջև, օժանդակություն է հատկացվում Հայաստանին, անցկացվում են խորհրդարանականների այցելություններ, տեղի են ունենում մշակութային միջոցառումներ, «ինչը շատ է օգնում, որ ամերիկացիները լավ ճանաչեն Հայաստանի մշակույթը, տեղեկացվեն Հայոց ցեղասպանության մասին»։

«Եթե Հայաստանն ի վերջո միանա Մաքսային միությանը, կարծու՞մ եք արդյոք, որ այն կտուժի քաղաքականապես ու տնտեսապես, և եթե այո, ապա ի՞նչ կարող է անել Ամերիկան Հայաստանին այս պայմաններում օժանդակելու ուղղությամբ։ Չէ որ Ռուսաստանն արդեն իսկ զգում է միջազգային պատժամիջոցների ազդեցությունն իր տնտեսության վրա», - այս հարցին ի պատասխան՝ կոնգրեսականն ընդգծեց, որ ի տարբերություն, օրինակ, Եվրոպական միության՝ Մաքսային միությունը պարտադրված միություն է։ «Ես չեմ կարող ասել, թե Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի տնտեսությունը կշահի կամ կտուժի։ Ինձ մտահոգում է այն հարցը՝ արդյոք Մաքսային միությունը Ռուսաստանը կազմում է լա՞վ նպատակների համար, թե՞ ոչ։ Կարող եմ ենթադրել միայն, որ դրա առաջնային նպատակը նախկին խորհրդային հանրապետություններին նորից իր ուղեծիր մտցնելն է», - ասաց Փալոնը:

Սակայն միևնույն է՝ Ամերիկան շարունակելու է Հայաստնի հետ կապերի ամրապնդումը, վստահեցրեց կոնգրեսականն ու նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են ընդդեմ Ռուսաստանի: Նույնիսկ Մաքսային միության կազմում Հայաստանը չի հայտնվելու միջազգային պատժամիջոցների ներքո։ Իսկ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեն նաև Հայաստանի վրա, ԱՄՆ-ը կիրակացնի քայլեր՝ Հայաստանի հետ իր առևտրի ծավալներն ընդարձակելու համար։

Հայ - թուրքական արձանագրությունները հետ կանչելու Հայաստանի մտադրությունը կոնգրեսական Ֆրենք Փալոնը համարում է «լիովին խելացի քայլ»։ Նրա խոսքերով՝ արձանագրությունները փաստացի մեռած են, ու արդարացված է դրանց հետկանչը, երբ դրանց գոյությունն արդեն անիմաստ է։

Հայ - ադրբեջանական հակամարտությունը լուծելու հարցում ամենամեծ խնդիրը կոնգրեսականը տեսնում է Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանության ու բարձրագոչ հայտարարությունների մեջ։

«Այս իրադրությունը նորից խորը հակամարտության չվերածելու համար հարկավոր է քաղաքականից զատ այլ բնագավառներում դնել երկու կողմերի միջև համագործակցության հիմքեր», - ասաց կոնգրեսականն ու շարունակեց․ - «Կլինի ջրային ռեսուրսների օգտագործման, թե գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը, թե այլ բնագավառ՝ այսպիսո՛վ միայն հնարավոր կլինի մեղմել լարվածությունը։ Սակայն ափսոս, որ այս ուղղությամբ իրական քայլեր չեն իրականացվում։ Ու եթե նման համագործակցության ցանկություն արտահայտվի, ԱՄՆ-ի Կոնգրեսը ջերմորեն կաջակցի այն ու պատրաստ կլինի մեծապես ֆինանսավորել»։

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որին մեծ հետաքրքրությամբ էին հետևում Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվող հայերը, Ֆրենք Փալոնի խոսքերով, «ժողովրդավարության մեծ քայլ էր»։ «Թե ինչպես կընդուներ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանրաքվեի արդյունքները, եթե շոտլանդացիները քվեարկեին հօգուտ անկախության, ես ասել չեմ կարող, բայց իմ անձնական տեսակետն այն է, որ ինքնորոշվելու իրավունքը տրված է բոլոր ժողովուրդներին՝ հիմնված միջազգային օրենքների վրա։ Եվ որևէ ժողովուրդ, որն ունի անկախության մտադրություն, այդ ժողովրդին պիտի տրվի հանրաքվե անցկացնելու հնարավորություն», - ասաց կոնգրեսականը՝ հավելելով․ - «Եվ ես հաճախ եմ ասել, որ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ այն իր հանրաքվեն անցկացնելով հենվել է ոչ միայն միջազգային օրենքների, այլ նաև Խորհրդային Միության Սահմանադրության վրա, որը մարզերին տալիս էր անջատվելու իրավունք»:

Նրա խոսքերով՝ աշխարհի այն հատվածներում, որտեղ խաղաղությունը գերակայում է, ինչպես, օրինակ, Եվրոպայում, անկախանալու հնարավորությունից պատմականորեն զրկված ժողովուրդներն այսօր են ձգտում հասնել անկախության։ «Ես կարծում եմ, որ եկող մի քանի տասնամյակների ընթացքում մի շարք ժողովուրդներ՝ լինեն կատալոնացիները, բասկերը, շոտլանդացիները, թե այլոք, ի վերջո կհասնեն անկախության կամ էլ կստանան իրենց երկրները անկախությանը համարժեք կառավարելու չափազանց մեծ լիազորություններ», - նշեց Փալոնը:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն ընդգծեց, թե այն գտնվում է չափազանց վտանգավոր տարածաշրջանում, որն այդպիսին է եղել դեռևս Հռոմեական կայսրության տարիներից ի վեր։ Այդ պատճառով, ասաց նա, «Ամերիկան Հայաստանի համար պիտի անի այն, ինչ կարող է՝ իմանալով, որ Հայաստանը կանի այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից»։