«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» ահաբեկիչները Դեյր էզ Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ահաբեկիչները ականապատել են եկեղեցին, հեռակառավարվող սարքի միջոցով պայթյուն կազմակերպել, ինչի արդյունքում եկեղեցին հիմնովին ավերվել է։
Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Թե ինչ վիճակում է այժմ Հայոց եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց եկեղեցին, հայտնի չէ՝ չկան ո՛չ տեսագրություններ, ո՛չ լուսանկարներ:
«Ենթադրվում է, որ պայթյունի հեղինակները հանդես կգան հայտարարությամբ, ինչպես որ անում են սովորաբար», - «Ազատության» հետ զրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակից Նորա Արիսյանը։
Պաշտոնական Երևանը այսօր խստորեն դատապարտել է Սիրիայի տարածքում հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:
«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը», - հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայտարարությունում, որի տեքստը հրապարակել է Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ «միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:
Վերջին շրջանում մի շարք արևմտյան հեղինակավոր պարբերականներ պնդում են, որ «Իսլամական պետություն»-ն իր վերելքի համար մեծապես պարտական է Թուրքիային, որ հենց Թուրքիան է ֆինանսավորում և ռազմական աջակցություն ցուցաբերում «Իսլամական պետությանը»։
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես անմիջական կապ է տեսնում Թուրքիայի և Սիրիայում հայկական եկեղեցու պայթեցման միջև։
«Եթե Թուրքիան կապ չունի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, պետք է հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով․ - «Դեր էզ Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, որոնք զոհվել են Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչդեռ այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ»։
Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ հանդիպման ժամանակ խստորեն դատապարտել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում և ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում: Նա ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
Ազգային ժողովի փոխնախագահը, իր աշխատակազմի փոխանցմամբ, նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: