Իրավապաշտպանները կարծում են՝ նախագահը խախտել է անմեղության կանխավարկածը

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ Կոլումբիայի համալսարանում խախտեց անմեղության կանխավարկածը, երբ հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։

Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ազգությամբ հայ ներկաներից մեկը առանց բարձրախոսի անսպասելի հարց է հնչեցրել, թե կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, ինչին նախագահն արձագանքել է, թե հարցը տվող տեղեկացված չէ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Ապա համալսարանի հանդիպմանը ներկա հայկական համայնքի ներկայացուցիչը նշում է, որ խոսքը Շանթ Հարությունյանի մասին է։ Նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքում է, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել, ապա հարց է հնչեցնում՝ եթե ԱՄՆ-ում մեկը խուլիգանություն է կատարում, այսպիսի արարքի համար չի՞ դատապարտվում։

Հարությունյանի գործով փաստաբան Արա Զաքարյանն ասում է՝ երկրի նախագահը որակում և գնահատական է տվել, ինչից հետո դատարանը չի կարող անկախ գործել։

«Ի՞նչ եք կարծում, երբ ունենք ոչ բավարար չափի անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որևէ մեկը իրեն թո՞ւյլ կտա նախագահի ասածներին հակառակ որոշում կայացնի։ Դա կնշանակի, որ ոչ միայն նախագահի ասածին հակառակ գնաց, այլ նաև դրանով կհաստատի, որ նախագահը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հրապարակավ ասել»,- ասաց Զաքարյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, նախագահի այս խոսքերից հետո միանշանակ է, որ նոյեմբերի 5-ից ազատազրկված Շանթի և 13 ընկերների ճակատագիրն արդեն որոշված է՝ բարձր պաշտոնյաների մակարդակով։

«Եթե նույնիսկ անգամ դատարանները ցուցում չեն ունենում, բայց եթե այսպիսի աղմկահարույց գործ է լինում, նրանք արդեն անհանգիստ վիճակում են, մինչև հստակ ուղղորդում ունենան։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը ուղղակի ուղղորդել է դատարանին»,- կարծում է իրավապաշտպանը։

Բարձրաստիճան պաշտոնյաները առաջին անգամ չէ, որ մեկնաբանում են հասարակական լայն հնչեղություն ստացած գործերը մինչև դատարանի վճիռը՝ ազդելով ոչ միայն արդարադատության, այլև հասարակական կարծիքի վրա, ընդգծում է փաստաբանը։ Ընդ որում, նկատելի է, որ ոչ մի պաշտոնյա երբևէ չի խոսում նման գործում ոստիկանության ներկայացուցիչների գործողությունների մասին՝ դատապարտելով միան քաղաքական ակցիաների մասնակիցներին։ Փաստաբանը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին նաև չորս քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել Շանթ Հարությունյանի և նրա ընկերների շարքերում։

Իսկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին հետաքրքրում է բոլո՞ր հանցագործությունների մասին հարցերին է նախագահը պատրաստ արձագանքել.- «Հետաքրքիր է՝ եթե նրան հարց տային Սյունիքի մարզպետի մասին, նա ինչ կպատասխաներ։ Բայց այս դեպքում նա պատասխանել է այդ հարցին»։