Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանին դատապարտելով՝ «իշխանությունը կանգնելու է հասարակության դատի առջև»


Շահեն Հարությունյանին դատապարտելով՝ «իշխանությունը կանգնելու է հասարակության դատի առջև»
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

«Ֆեյսբուք»-ում շարունակվում է Շահեն Հարությունյանի դատապարտումը կանխելու համար ՄԱԿ-ին դիմելու նպատակով սկսված ստորագրահավաքը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին երկարամյա ազատազրկման դատապարտելու դեպքում իշխանությունն անպայման կանգնելու է հասարակության դատի առջև:

«Էն չարությունը, էն նենգությունը, որ կա այսօրվա իշխանությունների մեջ, որով որ նրանք առաջնորդվում են իրենց վճիռները կայացնելիս՝ հատկապես անչափահաս պատանուն երկարամյա պատժի դատապարտելով, անկասկած աշխատելու է իրենց դեմ: Եթե ոչ այսօր, գոնե վաղը հենց էս նույն հասարակության պատժի, դատի առաջ նրանք հաստատ կանգնելու են: Վիրավորական է, որ մենք ունենք այսպիսի իշխանություն, որտեղ չեն գործում բարոյական նորմերից և ոչ մեկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:

«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիային մասնակցելու պատճառով 15-ամյա Շահեն Հարությունյանին 5 տարով ազատազրկելու՝ դատախազական պահանջները երեկ դատապարտում էին Շահենի աջակիցները՝ երթով անցնելով Երևանի փողոցներով:

Շահենի հասակակիցներն ասում էին՝ իրենց ընկերոջը 5 տարով դատապարտելու պահանջներն իրենց չեն վախեցնում. - «Մենք ավելի շատ դուխավորվում ենք», - ասաց երթի մասնակիցներից մեկը:

«Մենք շատ սիրում և հարգում ենք մեր դասընկերոջը: Նա հիանալի մարդ է և հիանալի հայրենասեր մի տղա, ով օրինակելի է յուրաքանչյուրին», - նշեց Հարությունյանի դասընկերներից մեկը:

Շահեն Հարությունյանը երեկ մակագրում էր հոր՝ Շանթ Հարությունյանի հոդվածներն ու ելույթները ներառող «Անհատական հեղափոխություն» գրքի օրինակները:

«Ինչ-որ չափով ոգևորիչ է, որ նման փչացած հասարակությունում գտնվում են երեխաներ, ովքեր պաշտպանում են արդարությունը», - նշեց Շահեն Հարությունյանը:

Երեկվա երթին մասնակցում էր նաև նրա տատիկը՝ Լյուդմիլա Բադալյանը. - «Ուղղակի պատկերացնելու չի, որ նրա նման պարզ երեխան պետք է գնա 5 տարի նստի, բայց եթե սկսել է, պետք է դուխը չգցի»:

Շահեն Հարությունյանին սատարողներից է դերասան Աշոտ Ադամյանը. - «Ես չեմ սպասում արդարադատության դիֆիցիտ ունեցող երկրում, որ որևէ պահանջ հասնի արդարադատության, դատախազության խուլ ականջներին, բայց ես հույս ունեմ և կարծում եմ, որ ժողովրդի ընդվզումը իր մեջ արժանապատվության վերածնումը կարող է բերել արդյունքների, որ էդ արդարադատություն կոչվածը վերջապես մի օր, երբ որ գող-ավազակներին կուղարկենք ուր որ պետք է, կսկսի ձևավորվել որպես իսկապես էդ անվանը արժանի արդարադատություն»:

Լրագրող Գայանե Առուստամյանը համոզված է, որ Շահենի ազատազրկումը հնարավոր կլինի կանխել հանրային ակտիվ արձագանքի դեպքում:

Քաղաքացիական տարբեր ակցիաներից հայտնի Վարդգես Գասպարին, երեկվա երթին մասնակցելով, անհնար էր համարում անտարբեր լինելը. - «Չեմ կարող չգալ»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարունակվում է ստորագրահավաքը՝ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեին դիմելու նպատակով:

«Բարձրացրու քո ձայնը 15-ամյա Շահեն Հարությունյանի դատապարտումը կանխելու համար, նա կարող է դառնալ աշխարհի ամենաերիտասարդ քաղբանտարկյալը»,- նշված է ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեին հասցեագրվող հայտարարության մեջ:

«15-ամյա Շահեն Հարությունյանի մեղադրանքը նրա հորը՝ Ռուսական կայսրությանն ու դրա խամաճիկ Հայաստանի իշխանությանն ընդդիմացող քաղաքական կալանավոր Շանթ Հարությունյանին ճնշելու միջոց է»,­ - նշված է հայտարարության մեջ:

Ստորագրահավաքի ներկայացված հայտարարության մեջ կա նաև բնորոշում. - «ԿԳԲ-ի հին մարտավարությունն է՝ ազատամիտ անհատականությունների նկատմամբ անմարդկային ռեժիմի կողմից վախ և հոգեբանական ճնշում գործադրելու համար: Այս հին ստալինյան մեթոդի նախաձեռնողը Պուտինն է, և այն գործադրվում է նոր ԿԳԲ-ի միջոցով՝ մարդկանց սրտերում վախ առաջացնելու համար: Բարձրացրու քո ձայնն այս չարիքի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG