Մատչելիության հղումներ

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմ․ Պատանու համար 5 տարի պահանջելը արտառոց նախադեպ է


Շանթ և Շահեն Հարությունյանները դատարանի դահլիճում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2014թ․
Շանթ և Շահեն Հարությունյանները դատարանի դահլիճում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2014թ․

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը վրդովմունքն է հայտնում Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազության պահանջի կապակցությամբ:

Պլատֆորմը իր հաղորդագրությունում վերահաստատում է այն գնահատականը, որ Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և ընկերների գործով դատավարությունը քաղաքական հետապնդում է, և Հայաստանի իշխանություններից և դատական համակարգի ներկայացուցիչներից պահանջում է դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդ ամոթալի պրակտիկան:

«15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը, այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցած մի շարք սպանությունների համար Հայաստանի դատախազությունը նման ժամկետ չի պահանջել, արտառոց նախադեպ է, մասնավորապես, նկատի ունենալով Գորիսում վերջերս կատարված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային վերագրվող սպանությունը և Հայոց բանակի գնդապետի սպանության փորձը, ինչի համար որևէ մեկը փաստացի չդատվեց», - ասված է հաղորդագրությունում:

«Մի՞թե պետական մեղադրողը, նախքան պատիժ առաջադրելը, չի գիտակցել, որ խոսքը գնում է 15-ամյա անչափահաս պատանու մասին, ով հաստատ մարդասպան չէ, ում հոր համար ևս, նույնպիսի դատավարության ընթացքում, ազատազրկման է՛լ ավելի երկար ժամկետի պահանջ է ներկայացված, և որ իր այդ առաջարկով կործանման եզրին է կանգնեցնում ոչ միայն նրան, այլ մի ամբողջ հայ ընտանիքի», - շեշտում է ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG