Աբրահամյանը նույնպես խնդիրներ է տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում

Президент Союза армян России Ара Абрамян (архив)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքով, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խնդիրներ կան:

«Կան խնդիրներ: Դուք բոլորդ մեզանից լավ գիտեք․ Ուկրաինայում խնդիրներ կան, միջազգային խնդիրներ, սանկցիաներ Ռուսաստանի դեմ․․․ Դա չի կարող ընդհանրապես չազդել Հայաստանի վրա և՛ անդամակցության, և՛ տնտեսական, և՛ զարգացման, բոլոր խնդիրների վրա։ Մի մոռացեք, որ Ռուսաստանում երկուևկես միլիոն հայություն կա: Եվ այդ երկուևկես միլիոն հայությունը անմիջական կապ ունի», - այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աբրահամյանը, ով նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Աբրահամյանն ասաց, թե պատճառներ չի տեսնում, որ Հայաստանը չստորագրի ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը կամ այդ գործընթացը հետաձգվի:

«Մի քիչ համբերություն, ամեն ինչ կպարզվի, և Լևոն Հայրապետյանը դուրս կգա», - անդրադառնալով Ռուսաստանում կալանավորված հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի հարցին՝ ասաց Արա Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Մենք բոլորս մտահոգված ենք: Բոլորս քայլեր ենք ձեռնարկում: Ես էլ կփորձեմ նորից վերադառնալ այս խնդրին, ինչ կարող եմ, նորից անել: Որովհետև գիտեք [Հայրապետյանի] առողջական վիճակի մասին: Դա մեր բոլորիս առաջնային խնդիրն է, որ Լևոն Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի»:

Ըստ Աբրահամյանի, «АФК Система»-ի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքը «կարագացնի Լևոն Հայրապետյանի հետ կապված գործը»․ - «Այ, որ տեսնենք, որ Եվտուշենկովը բոլոր հարցերին պատասխանեց, այդ օրը Հայրապետյան Լևոնը դուրս կգա»:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «АФК Система»-ի տնօրենների խորհրդի անդամ է, նրա համար վտանգ տեսնո՞ւմ եք: Աբրահամյանի պատասխանը․ - «Ընդհանրապես վտանգ չկա: Որովհետև տարբեր խնդիրներ են: Երկրորդ նախագահը լրիվ ուրիշ ֆունկցիաներ, ուրիշ պարտականություններ, աշխատանք ունի: Դա ընդհանրապես կապ չունի»: