Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումը քաղաքական դրդապատճառներ ունի․ Տեր-Պետրոսյան


ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումը քաղաքական դրդապատճառներ ունի․ Տեր-Պետրոսյան
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի մեծացումը Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ «որոշ չափով կապված Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, ինչպես նաև Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հետ»:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Իլուր» էլեկտրոնային պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելառուսն է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի համոզմամբ՝ Կրեմլի նախաձեռնած տնտեսական այս դաշինքին Հայաստանի միանալու ձգձգման պատճառները «ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք, հայկական կողմի հավաստմամբ, վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի և Ղարաբաղի առևտրատնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 միլիոն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ Եվրասիական միության հսկայական շուկայի վրա»։ Ուստի, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, հարցի պատասխանը պետք է որոնել քաղաքական ոլորտում։

«Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջև կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով», - ասում է ընդդիմադիր առաջնորդը՝ ընդգծելով․ - «Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև` հարկադրված լինելով ծանրութեթև անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետևանքները, որոնք կանխատեսելը մեծ երևակայություն չի պահանջում»:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, մասնավորապես, այդ պայմանը չկատարելու դեպքում «արդեն իսկ իր հարաբերություններն Արևմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական և տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության, խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով»։

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի մեծացումը Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ «որոշ չափով կապված է մի կողմից` եվրաասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հետ»:

Սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգություններին հայկական կողմի հակազդեցությունը բնորոշելով «բավականին զուսպ ու անհամարժեք»` առաջին նախագահն ասում է․ - «Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից՝ նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»:

Այս հայտարարություններին արձագանքել է Պաշտպանության նախարարությունը՝ կտրականապես անընդունելի որակելով առաջին նախագահի գնահատականը, թե հայկական կողմի հակազդեցությունը անհամարժեք է․ - «Հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ», - ասված է նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդագրությունում:

«Իլուր» էլեկտրոնայինին տված հարցազրույցում առաջին նախագահը ներքաղաքական իրավիճակին է անդրադառնում՝ պնդելով, թե փոխանակ լծվելու մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, «սարգսյանական ռեժիմն այսօր սևեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ՝ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով»:

«Հայաստանում և Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել», - ասում է Տեր-Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրները ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով «Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին»։

Շեշտելով, որ դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձևով, որ այլևս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ` առաջին նախագահն ուշադրություն է հրավիրում, որ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, «սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, և եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն՝ վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է՝ սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից»։

«Վստահ եմ, որ նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Ամփոփելով՝ առաջին նախագահը եզրակացնում է․ - «Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը»։

«Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո, մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու», - եզրափակում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG