Մատչելիության հղումներ

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին «չի կարող դրվել հարցականի տակ»


«Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանն արել է այս հայտարարությունը՝ պատասխանելով News.am-ի հարցին, թե հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:

Հիշեցնենք, Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը` ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատությանն» ասել է, որ հնարավոր է՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը իր հունով է ընթանում և հնարավոր է պայմանագիրը հոկտեմբերից շուտ ստորագրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG