Պայմանական դատավճիռ «գոմեշի մսի» գործով

Your browser doesn’t support HTML5

Պայմանական դատավճիռ «գոմեշի մսի» գործով

Գործը քննվել է արագացված կարգով: Իրավապաշտպանները վկայում են «ծածկադմփոցի» մասին:

Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատավճռով դատապարտվեց պայմանական ազատազրկման 3 տարի, 3 ամիս 18 օր ժամկետով՝ 4 տարվա փորձաշրջանով։

Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել 4 տարվա ազատազրկման և դատավճիռը պայմանականորեն չկիրառել 5 տարվա փորձաշրջանով։

Օհանջանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով: Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Օհանջանյանը Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս է մատակարարել՝ նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։

Մսի կոմբինատի նախկին տնօրենը կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով: Կալանքի տակ էր մնացել ավելի քան 8 ամիս:

Օհանջանյանը դատարանում հայտարարել էր, որ շուրջ 17 տարի Պաշտպանության նախարարության մատակարարն է եղել։ Նախքան դատավճիռը, նախկին տնօրենը վնասն ամբողջովին վերականգնել է, իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել տեղի ունեցածի համար և խնդրել մեղմ պատիժ:

«Ծածկադմփոց»

Դատավոր Նապոլեոն Օհանյանն այս գործը քննեց արագացված կարգով: Ընդամենը երկու դատական նիստ անցկացնելով՝ նման դատավճիռ կայացնելը իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը բացատրում է հատուկ նպատակներով:

«Դրա նպատակն այն էր, որ գործի մանրամասները հանրությանը ծանոթ չլինեն: Չի կարող որևէ տնօրեն, առանց նախարարության հետ հանցավոր համագործակցության գալու, նման գործառույթ իրականացնել: Եթե իրականությունը բացահայտվեր, իմ կարծիքով, կդատվեին շատ մարդիկ, ինչու չէ՝ նաև հենց պաշտպանության նախարարը: Այդ իսկ պատճառով այդ դատը ծածկադմփոց են արել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

«Քավության նոխազ»

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատությանը» փոխանցեց, որ Կապանի դատարանի դատավճիռը աչքակապություն է: Իրավապաշտպանը վստահ է, որ դատավճիռը կայացել է արտադատարանական քննարկումների հետևանքով:

Չմոռանանք, որ Զինված ուժերում կատարված չարաշահումների մասին դեռ երկու տարի առաջ խորհրդակցության ժամանակ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը` հորդորելով իրավապահ մարմիններին չարաշահումների գործով բռնել «խոշորների գլխից»:

Նկատի ունենալով այս հորդորին հաջորդած փաստը՝ Սաքունցը հայտարարեց, որ մսի կոմբինատի նախկին տնօրենը դարձավ քավության նոխազ, իսկ «խոշոր գլուխներն» ազատվեցին:

«Այս գործով նախ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետի տեղակալը հեռացվել է աշխատանքից Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով: Խոսքը Արշալույս Փայտյանի մասին է: Պատասխանատվության չեն ենթարկվում ՊՆ պաշտոնատար այն անձինք, որոնց գիտությամբ և համաձայնությամբ և անմիջական մասնակցությամբ ՊՆ-ին այդքան մեծ վնաս է պատճառվել», - նշեց Սաքունցը:

Արագացված դատաքննության պայմաններում հանրությանը այդպես էլ պարզ չդարձավ Փայտյանի առնչությունը «գոմեշի մսի» գործին:

Իրավապաշտպանը համեմատեց քաղաքական ակցիաներից հետո ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին խարդախության մեղադրանքով 6 տարով ազատազրկելու և գոմեշի մսի գործով 3 տարի 3 ամիս պայմանական ազատազրկելու դատավճիռները: Նա վկայեց տարբերակված մոտեցման մասին:

Սաքունցի գնահատմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանը նույն հոդվածով դատապարտվեց խիստ պատժի, քանի որ վտանգ էր ներկայացնում իշխանության համար, իսկ պաշտպանության նախարարությանը գոմեշի միս մատակարարելու փաստին իշխանությունը ցուցաբերեց օրենքից չբխող մոտեցում․- «Ռեժիմը իր հակառակորդների նկատմամբ օրենքն օգտագործում է ամբողջ խստությամբ և բացարձակապես չի կիրառում իր ենթակաների կամ համախոհների նկատմամբ»

Իրավապաշտպանի բնորոշմամբ՝ դատական համակարգի հովանավորն է ամենաբարձր մակարդակի կոռուպցիան: