Մատչելիության հղումներ

ՊՆ-ն քննում է մատակարարումների չարաշահման գործը


Մատաղիս, առաջնագիծ, 20-ը հուլիսի, 2012
Մատաղիս, առաջնագիծ, 20-ը հուլիսի, 2012
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն այս պահին բազմակողմանի քննություն է իրականացնում այս տարվա հունիսին զինվորական դատախազության կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների կապակցությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Դեռեւս այս տարվա հունիսին հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշներով: Մասնավորապես, ստուգումները վերաբերվել են Պաշտպանության բանակին մատակարարվող մսամթերքին: Ինչպես գրել էր մամուլը, տավարի մսի փոխարեն բանակին տրամադրվել էր գոմեշի սառեցված միս:

Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը այժմ քննություն է իրականացնում ոչ միայն խարդախության գործով, այլեւ ինչպես նշեց Մերի Սարգսյանը, նաեւ հարկերից եւ պարտադիր այլ վճարումներից խուսափելու ուղղությամբ:

Թե խոսքը ինչ պարտադիր վճարումների մասին է, եւ կոնկրետ ով է խուսափել հարկերից, քննչական ծառայությունն առայժմ չի հայտնում: Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ զինվորական դատախազությունը ուսումնասիրություններ անցկացրել Ղարաբաղի ՊԲ-ում, Մերի Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ եւ ԼՂ իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով սահմանվում են, որ ԼՂ ՊԲ-ի պատասխանատվության շրջանում կամավոր հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ` զինծառայողներին վերագրվող հանցագործությունների գործերով քրեական վարույթը իրականացվում է ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրության համաձայն:

Զինված ուժերում կատարված չարաշահումների մասին անցած շաբաթ հրավիրած խորհրդակցության ժամանակ խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսքն ուղղելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Սերժ Սարգսյանն ասաց. - «Էական բարեփոխումներ պետք է լինեն պաշտպանության նախարարությունում, Սեյրա'ն: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար պարտք վերցնել մատակարարից: Ի՞նչ է նշանակում` պարտք է վերցնում մատակարարից»:

Չնայած որ Զինված ուժերում կատարված չարաշահումների մասին բարձրաձայնում է անգամ երկրի ղեկավարը, եւ դեռեւս 3 ամիս առաջ հարուցվել է քրեական գործ, սակայն առայսօր որեւէ մեկը ձերբակալված չէ: Ընդամենը սեպտեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատելու որեւէ դրդապատճառ չներկայացվեց: Պաշտպանության նախարարությունը նույնպես հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել: Նկատենք, սակայն որ Փայտյանը համակարգում էր Զինված ուժերում գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը: Եվ երկրի ղեկավարի հիշատակումը մատակարարից պարտքեր անելու հետո կապված, ըստ էության, վերաբերում էր հենց նրան: Ենթադրվում է, որ մեծ աղմուկ հանած գոմեշի մսի պատմությունը նույնպես չէր կարող տեղի ունենալ առանց գեներալ-լեյտենանտի իմացության:

«Պաշտպանության նախարարությունը կոռուպցիոն եկամուտի մեծ աղբյուր է դարձել»

Բանակում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պաշտպանության նախարարությունն այսօր կոռուպցիոն եկամուտի մեծ աղբյուր է դարձել, քանի որ նախարարության բյուջեն անվերահսկելի է: Մասնավորապես, պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների մասին տեղեկատվությունը գաղտնի է, անգամ եթե դրանք վերաբերում են բանակին մատակարարվող սննդամթերքին: Հնարավոր չէ պարզել, թե ինչպե՞ս են տենդերներ անցկացվում, ո՞ր ընկերություններ են բանակին սնունդ կամ դեղորայք մատակարարում, ինչպե՞ս են նրանք հաղթում մրցույթներում, ո՞վ է նրանց հաղթող ճանաչում եւ այլն:

Իրավապաշտպանը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իշխանություններն այդպես էլ հանրությանը տեղյակ չեն պահում, թե ինչո՞ւ աշխատանքից հեռացվեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Արաշալույս Փայտյանը: Սաքունցի համոզմամբ` այս գաղտնիություն եւս իր պատճառներն ունի:

«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ անխուսափելիորեն գլխավոր շտաբի պետը` որպես պաշտոնատար անձ, պետք է տեղյակ լինի, թե իր տեղակալը ինչ է անում: Հնարավո՞ր է, որ որեւիցե տեղակալ ինքնագլուխ թաքուն մեծ ծավալի գնումներ կատարի` առանց քննարկելու Յուրի Խաչատուրովի կամ Սեյրան Օհանյանի հետ, կամ նրանք էլ առանց քննարկելու կառավարության հետ նման քայլ կատարե՞ն: Եթե կատարեն, նշանակում է ընդհանրապես Խաչատուրովին կամ պաշտպանության նախարարին էլ պետք է հեռացնել համակարգից: Եթե չեն հեռացվում, դա նշանակում է, որ Փայտյանին որպես քավության նոխազ են օգտագործում: Համակարգն է կոռումպացված», - ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանը կասկածում է, թե նախագահի սուր քննադատությունից հետո ԶՈՒ համակարգում բարձրաստիճան պաշտոնյաները քրեական պատասխանատվության կենթարկվեն: Իսկ եթե ենթարկվեն էլ, ապա, ըստ նրա, միայն ընտրողաբար եւ ցածր պաշտոններ զբաղեցնողները:

«Եթե խաթարվում են օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքները, եւ դրանք ընտրողաբար են կիրառվում, համակարգը արդեն չի կարող բուժվել եւ չի կարող փոփոխվել, ինչի մասին այդպես ցանկանում հավատացնել Սերժ Սարգսյանը», - շեշտեց Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG