Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան»

Your browser doesn’t support HTML5

Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան»

Աշխատանքային այցով անցած շաբաթավերջին Հայաստան ժամանած Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին կիրակի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող է ասել չդադարող այն հայտարարությունների, հրապարակումների կապակցությամբ, թե մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից Բելառուսի ու Ղազախստանի միջև տարաձայնություններ կան Եվրասիական միությանը Հայաստանի միանալու առնչությամբ, Բելառուսի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը պատասխանեց. - «Գիտեմ, որ որոշակի կետեր կան, որոնց ուղղությամբ այսօր աշխատանքներ են տարվում` նախևառաջ Եվրասիական հանձնաժողովում, ինչպես նաև պետությունների ղեկավարների կողմից: Գիտեմ նաև, որ այդ գործընթացն առաջ է գնում: Ես կապ չունեմ այդ գործընթացի հետ, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ կհամաձայնեցվի, կգտնվի ընդունելի մի տարբերակ, որպեսզի բոլոր այդ խոչընդոտները վերացվեն: Համենայնդեպս, մենք միայն խոսում ենք այն մասին, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական տնտեսական միությունում, այլ ուղերձներից տեղյակ չեմ»:

Բելառուսում պայամանագրի նախագիծը դեռ փորձաքննության փուլում է

Հայաստանն ու Ռուսաստանն, ինչպես հայտնի է, իրենց համաձայնությունն են տվել Եվրասիական միությանը Երևանի անդամակցության պայմանագրի նախագծին: Որպեսզի այն ստորագրվի, օրինակ, այս հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված եվրասիական գագաթնաժողովում, նախագծին պետք է հավանություն տան նաև Բելառուսն ու Ղազախստանը: Գագաթնաժողովին հաշված օրեր են մնացել, մինչդեռ Մինսկից ու Աստանայից լուրեր չկան:

«[Եվրասիական միությանը Հայաստանի միանալու] պայմանագրի նախագիծը այժմ Բելառուսում օրենսդրական ընթացակարգերի կենտրոնում է և փորձաքննություն է անցնում: Առաջիկայում այն պետք է ներկայացվի կառավարությանը: Կառավարությունն էլ պետք է այն ներկայացնի խորհրդարան՝ վավերացման», - ասաց Վիկտոր Գումինսկին:

«Ազատության» հարցին՝ բելառուսական խորհրդարանը ե՞րբ իր հավանությանը կարժանացնի փաստաթուղթը, և արդյոք կհասցնե՞ն մինչև հոկտեմբերի 10-ին Միսնկում կայանալիք գագաթնաժողովը, Բելառուսի խորհրդարանի փոխնախագահը արձագանքեց. - «Ինչ վերաբերում է մեր Ազգային ժողովին, ապա մենք նպատակ ենք դրել և բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի հոկտեմբերի 2-ին մեկնարկող խորհրդարանի նստաշրջանի սկզբում կառավարության կողմից այդ փաստաթուղքը ներկայացվի մեզ, որպեզի մենք կարողանանք մինչև գագաթնաժողովը այն վավերացնել: Որքանով տեղյակ եմ՝ հենց այդ գագաթնաժողովին էլ կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին»: