Սահմանադրական փոփոխություններով նախագահը «փորձում է կանխել ռեժիմի փլուզումը»

Your browser doesn’t support HTML5

Սահմանադրական փոփոխություններով նախագահը «փորձում է կանխել ռեժիմի փլուզումը»

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` եթե Սերժ Սարգսյանը մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները չիրականացնի սահմանադրական բարեփոխումներ, ապա դա կհանգեցնի իր թիմի փլուզմանը:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ` հենց այս հանգամանքը հաշվի առնելով է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները:

Դեմ լինելով երկրի կառավարման խորհրդարանական համակարգին` Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, գնում է այդ փոփոխությանը, քանի որ հասկանում է՝ գործող Սահմանադրությունն իրեն 3-րդ անգամ նախագահ վերընտրվելու հնարավորություն չի տալու, իսկ փոփոխված Սահմանադրությամբ նա կկարողանա «վերարտադրվել և պահպանել վերահսկողությունը սեփական թիմի նկատմամբ»:

«Այն պահից սկսած, երբ Սերժ Սարգսյանի թիմը պարզի, որ նա ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական փոփոխությունները և վերարտադրվել, այդ պահից այդ թիմի մեջ սկսվելու է, կներեք այս արտահայտության համար` նոր պապայի փնտրտուք. պառակտումներ, տարբեր խմբավորումների կոնսոլիդացիա տարբեր ֆիգուրների շուրջը, և դա ըստ էության կբերի Սերժ Սարգսյանի իշխանության, այս ռեժիմի փլուզման արագընթաց գործընթացի», - փաստարկեց Զուրաբյանը` հավելելով. - «Ահա սա է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով փորձում է կանխել»:

Քառյակից ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես վստահ է, որ Հանրապետականը սահմանադրական փոփոխություններով փորձում է լուծել իր վերարտադրման խնդիրը․ - «Փաստորեն ողջ իշխանությունը տեղափոխվում է խորհրդարան, խորհրդարանի ղեկավարը դառնում է դե ֆակտո անսահման լիազորություններ ունեցող գործիչ, որը նշանակում է նախագահ, վարչապետ: Այսինքն, ըստ էության, վերականգնվելու են կոմունիստական կուսակցության գերլիազորությունները` ի դեմս մեկ քաղաքական ուժի: Այսինքն` քաղաքական մոնոպոլիան դառնալու է գերկենտրոնացված»:

Անցած շաբաթ օրը ՀՀԿ-ի խորհրդի նիստում ունեցած ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձել էր սահմանադական բարեփոխումներին ու պնդել, թե դրանց դեմ արտահայտվող քաղաքական ուժերը որևէ փաստարկ չունեն․ - «Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ»:

Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, հայտարարում է, որ իրենք ունեն լրջագույն փաստարկներ․ - «Գործող Սահմանադրությունը բացարձակ հնարավորություն տալիս է ունենալու օրենքի երկիր, ունենալու ժողովրդավար երկիր, ունենալու իշխանության մեջ իրական հակակշեռներ: Եվ եթե խնդիր է դրվում սահմանադրական փոփոխություններով հասնել մեկ քաղաքական ուժի դոմինանտության, այսինքն՝ խնդիր է դրվում վերածնել «կապեէսէսը», բնականաբար մենք դեմ ենք լինելու: Ավելին՝ առաջիկայում մենք արդեն հանրության հետ հանդիպումների ժամանակ թե՛ Երևանում, թե՛ մարզերում մեր այն գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր տեսակետը՝ քառյակի, մենք կներկայացնենք մեր հիմնական մոտեցումները»:

Իր հերթին հակադարձելով Սերժ Սարգսյանի պնդմանը՝ Լևոն Զուրաբյանը ընդգծեց, թե Սարգսյանը «պարզապես կեղծում է իրականությունը», քանի որ ՀԱԿ-ն ասել է, որ դեմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին՝ ավելի արդյունավետ համարելով կիսանախագահական մոդելը: ՀԱԿ-ը նույնպես համոզված է, որ գոյություն ունեցող խնդիրները պայմանավորված չեն երկրի կառավարման մոդելով: Դրանց պատճառը ընտրակեղծիքներն են և մեծ չափերի հասնող կոռուպցիան: Ուստի, Զուրաբյանի պնդմամբ, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու փաստարկների բացակայությունից խոսում է մի մարդ, ով ինքը փաստարկ չունի:

«Իհարկե, նա քողարկելու է դա ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին իր հոգատարությամբ: Իհարկե, խոսելու է նաև անկախ արդարադատության մասին և այլն, և այլն: Բայց այս ամբողջը շղարշ է, որը կոչված է լուծել ընդամենը մեկ հարց՝ որ Սերժ Սարգսյանը կարողանա վերարտադրել իր իշխանությունը», - ասաց ՀԱԿ խմբակցության առաջնորդը:

Քառյակը մյուս քաղաքական ուժը՝ «Ժառանգություն»-ը, թեև կողմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն պնդում է, որ ոչ լեգիտիմ իշխանությունն իրավունք չունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, իսկ դրանց միակ նպատակը վերարտադրվելն է:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե դրանում համոզվել են այն ժամանակ, երբ իշխանություններին առաջարկեցին սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և իշխանությունները մերժեցին այդ առաջարկը:

Քառյակից միայն Դաշնակցությունն է կողմ արտահայտվում նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ վաղուց արդեն ժամանակն է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Միայն այդկերպ հնարավոր կլինի ազատվել ներկայումս գործող գերկենտրոնացված համակարգից:

Ուշագրավ է, որ Ռուստամյանը ևս համոզված է, որ քառյակի գործընկերների հայտարարությունները, թե այժմ նման փոփոխությունների ժամանակը չէ, չի կարելի փաստարկ համարել: Ռուստամյանն ասում է նաև, որ քառյակն անգամ համաձայնության չի եկել, թե արդյոք նոր իշխանությունը հետագայում կգնա երկրի կառավարման մոդելի փոփոխության: Այս հարցում նա լուրջ մտավախություններ ունի․ - «Դառնում է այնպես, որ մենք ասում ենք՝ այս նախագահական աթոռից մենք հրաժարվենք հիմա, նախագահական ընտրություններից առաջ, իրենք ասում են՝ չէ, նախագահական ընտրություններից հետո անենք: Դա նշանակում է, որ՝ թողեք մի քիչ ես նստեմ այդ աթոռին, հետո նոր այդ աթոռը հանեք»: