Երեքշաբթի տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, Հայ ազգային կոնգրեսից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր»,- ասված է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համատեղ հայտարարությունում։
Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը:
Կողմերը նաև կարևորել են մինչև հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով: