Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի Սահմանադրություն է ոտնահարվում»


Սահմանադրական հանրաքվեին մնաց մեկ տարի
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Ոչ իշխանական չորս ուժերից միայն Դաշնակցությունն է ողջունել սահմանադրական բարեփոխումները:

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեին, ըստ էության, մնաց մեկ տարի: Պաշտոնապես նախատեսված է այն անցկացնել 2015-ին, առավելագույնը՝ 2016-ի սկզբին:

Այսօր` հայեցակարգի հրապարակումից չորս ամիս անց ամենաքննարկվող հարցը անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին:

Թեև նախագահ Սարգսյանը նշել էր, որ այդ անցումը կատարելու դեպքում չի պատրաստվում հավակնել վարչապետի պաշտոնին, սակայն նախագահի այս հայտարարությունները ընդդիմադիրներին չհամոզեցին:

Ոչ իշխանական չորս ուժերից միայն Դաշնակցությունն է ողջունել սահմանադրական բարեփոխումները: Մյուս երեք կուսակցությունների մերժողական դիրքորոշումը նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանի համար զարմանալի է: Նրա խոսքով՝ բարեփոխումների հայեցակարգում դրված է ոչ միայն կառավարման մոդելի փոփոխության հարցը:

«Չեմ կարծում, որ այդ ուժերը չէին կարևորի մարդու իրավունքներին առնչվող հիմնարար փոփոխությունները կամ հնարավոր հիմնարար փոփոխությունները կամ դատական իշխանությանը վերաբերող [փոփոխությունները]: Այդ իմաստով պետք է փաստել, որ այդ արտարկումը հանգեցնում է նրան, որ մի շատ չափազանց կարևոր հարցի լույսի ներքո փորձում են ստվեր նետել ամբողջ փոփոխությունների փաթեթի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով գնալու ենք դեպի գործող նախագահի պաշտոնավարման երկարացումը, թեկուզ ևս մեկ տարով․ - «Սահմանադրական փոփոխություններ բացառապես ուղղված են այդ նպատակին, որ ինքը երկարացնի իր իշխանությունը, մի իշխանության, որի գոնե մեկ տարվա շարունակությունը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը»:

Ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն նույնպես մեծ ոգևորվածությամբ չի ընդունում ՍԴ փոփոխությունները, թեև կողմ է ընտրակարգի փոփոխությանը: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշում է, որ մայր օրենքի հրատապ փոփոխության կարիք իրենք այսօր չեն տեսնում. - «Եթե, մասնավորապես, խոսքը վերաբերում է ընտրակարգի փոփոխությանը, ինչին մենք կողմ ենք արտահայտվել, այն կարելի է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, այլ ոչ թե վատնել ահռելի ֆինանսական, քաղաքական և մարդկային ռեսուրս հանրաքվեի կազմակերպման համար»:

Անցած ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները քննադատել են նաև նրա նախորդները՝ առաջին ու երկրորդ նախագահները։ Այս քննադատության ֆոնին այսօր նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հանրային քննարկումներ են անցկացնում մարզերում: Թե ինչպիսի՞ հանրային կարծիք կա, այս պահին հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը դեռ չի մանրամասնում: Ասում է, թե վաղ է դրա մասին խոսելը: Մինչդեռ փորձագետները արդեն վստահ են, որ այս փոփոխություններով փորձ է արվում ամրապնդել մենիշխանական համակարգը: Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Սահմանադրությունը «կոպեկի արժեք չունի հասարակության համար»:

«Չեմ գտնում, որ սահմանադրական փոփոխությունները համադարմանի՝ պանացեայի դեր կկատարեն Հայաստանում: Ի վերջո, եթե Սահմանադրությունը ոտնահարվում է, ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի Սահմանադրություն է ոտնահարվում», - «Ազատության» հետ զրույցում հավելեց Մեհրաբյանը:

Ըստ մշակված հայեցակարգի՝ հանրաքվեով սահմանադրական առաջարկված բարեփոխումների հաստատման դեպքում ՀՀ նախագահը կընտրվի ԱԺ-ի կողմից՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանական քվերակությամբ, Կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի կողմից և պատասխանատու լինի միայն ԱԺ-ի առջև:

Քաղաքացիներից շատերը նույնիսկ չէին լսել մեկ տարի հետո երկրում ծրագրվող այս հանրաքվեի ու առաջարկվող փոփոխությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG