Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած ձևակերպումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին ու տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:
Էդվարդ Նալբանդյանը նման հայտարարություն արեց այսօր՝ Երևանում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ հրավիրած ասուլիսի ժամանակ:
«Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս հայտարարել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և այդ հայտարարությունները համահունչ են Հայաստանի մոտեցումներին»,- ասաց Նալբանդյանը։
«Պետք է նշեմ, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] երկու համանախագահները նաև ՆԱՏՕ-ի անդամ են»,- շարունակեց Նալբանդյանը՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային.- «Այն դրույթը, որը վերաբերում է Մոլդովայի և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, այնտեղ ձևակերպումներ են ներառվել, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում եռանախագահաների արտահայտած գաղափարներին, առաջարկներին և մոտեցումներին։ Չի համապատասխանում նաև այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել էին վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, դա վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը»։
Սեպտեմբերի 5-ին ընդունված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ասված է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը և ինքնիշխանությանը:
«Այս համատեքստում մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հիմնվելով հիշյալ սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- կարդում ենք փաստաթղթում:
ՆԱՏՕ-ի 2009, 2010 և 2012 թվականների գագաթանաժողովներին Հայաստանի նախագահը չմասնակցեց այն պատճառով, որ դաշինքի հռչակագրերում միայն նշվում էր, թե ՆԱՏՕ-ն հարգում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը՝ որևէ խոսք չասելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:
ՆԱՏՕ-ի այս տարվա՝ Ուելսի գագաթնաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր.- «Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում»,- ակնարկելով Թուրքիային՝ ասել էր Սարգսյանը։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացում «շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին։
«Բանակցությունները ընթանում են բնականոն հունով, և կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն։ Իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել ամենաբարձր մակարդակով թե Հայաստանի, թե Ռուսաստանի կողմից և հստակորեն ասվել է, որ խոսքն այն մասին չէ, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին, և այստեղ այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց Եվրամիության Արևելյան գործընկերության 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովը, ուր «Հայաստանն ու Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է մեր երկուստեք ձգտման մասին՝ շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»:
Սեբաստիան Կուրցը, ով Եվրոպայի ամենաերիտասարդ արտգործնախարարն է՝ 28 տարեկան, իր հերթին հույս հայտնեց, որ հնարավորություն կգտնեն, որպեսզի Հայաստանը շարունակի աշխատել իր շատ կարևոր գործընկեր Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ շարունակի համագործակցել Եվրոպական միության հետ: