Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Ուելսում ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ


Իշխող Հանրապետական կուսակցությունը Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը անչափ կարևոր և արդարացված է համարում: Այսօր տեղի ունեցած ՀՀԿ-ի Գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստերից հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ելութ է ունեցել, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում՝ մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից և այնտեղ իր ունեցած հանդիպումներից:

Անդրադառնալով Նյուպորտում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, ՀՀԿ խոսնակը կարևորեց այն փաստը, որ՝ «այդ ամբիոնից Հայաստանի Հանրապետության նախագահը ադրբեջանական պետությունը որակեց որպես բռնակալական, և երկրորդը՝ Թուրքիան ներկայացվեց որպես Ադրբեջանի շահերի պաշտպան»:

Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ այդ հանդիպումը «ապացուցեց և արձանագրեց մի շարք կարևոր փաստեր․ - «Փաստ համար մեկ՝ խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է և ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է: Սա մեսիջ է և ուղիղ մեսիջ է թե՛ բռնատիրական Ադրբեջանին, և թե՛ նրա հովանավոր Թուրքիային: Փաստ համար երկու՝ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ և ցանկացած իրավիճակի սրում անթույլատրելի է»:

Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածին, շեշտելով, որ չի կարող ասել թե գոհ են դրանից։

«Հռչակագրում կան կետեր, կան արտահայտություններ, որոնք չեն բխում հայկական կողմերի շահերից և առհասարակ իրականության հետ որևէ կապ չունեն», - ասաց ՀՀԿ խոսնակը, սակայն, Շարմազանովի խոսքով, կարևոր է այն, որ հռչակագրում նշվում է խնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև առկա ձևաչափերը պահպանելու մասին:

«Այսինքն, կարող եմ ասել, որ ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ և նրանց ցանկությունը՝ փոխել ձևաչափը, ճնշում գործադրել տալ բանակցությունների վրա, շարունակել ռազմատենչ հռետորաբանությունը, այլընտրանքային տարբերակ պահել որպես ռազմական լուծում, մենք տեսանք, որ թե՛ պետքարտուղար Քերրին դրա մասին խոսեց, թե՛ ավելին՝ դրանից առաջ նախագահներ Օլանդի և Սարգսյանի հանդիպման ժամանակ խաղաղ բանակցությունները և Մինսկի խմբի պահպանումը կարևորեց մեկ այլ համանախագահ երկրի նախագահ պարոն Օլանդը, և նաև մենք տեսանք, որ հռչակագրում ևս այդ կետերը ամրագրված էին», - մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը:

Հանրապետականի խորհրդի նիստում քննարկվել են նաև երկուշաբթի օրը ԱԺ-ում մեկնարկող քառօրյային վերաբերող հարցեր: Կուսակցության ղեկավարությունը խորհրդարանի հանրապետական մեծամասնությանը կոչ է արել ավելի սերտորեն աշխատել կառավարության հետ: Խորհուրդը նաև անդրադարձել է Կառավարության աշխատանքին՝ այն գնահատելով «բաց և հրապարակային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG