Իտալիայում լույս տեսնող «La Repubblica» պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին ասել է, որ «եթե ցանկանամ, Կիևը կգրավեմ երկու շաբաթում»։
Ըստ «La Repubblica»-ի, Պուտինն այդպես է արձագանքել Ռուսատանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության մտադրությանը։
Բարոզուն անմիջապես այդ մասին օգոստոսի 30-ին տեղեկացրել է Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին։
Եվրամիությունը սպառնացել է նոր` ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, եթե Ռուսաստանն Ուկրաինայից դուրս չհանի իր զինված ստորաբաժանումները։
Ըստ ՆԱՏՕ-ի փորձագետների, այսօրվա դրությամբ Ուկրաինայի տարածքում այդ երկրի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցում է առնվազն 1000 ռուսաստանցի զինծառայող։
Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ, իբրև թե, Ռուսաստանի ղեկավարը բացարձակ այլ բան է նկատի ունեցել և Կիևը երկու շաբաթում գրավելու մասին խոսքերն Արևմուտքում պարզապես անջատել են ընդհանուր կոնտեքստից։
«Անկախ այն բանից նման հայտարարություն արվել է, թե ոչ` պարկեշտ չէ, երբ լուրջ քաղաքական գործիչը հրապարակում է մասնավոր խոսակցության մանրամասները»,- կշտամբել է Ուշակովը։
Արևմտյան փորձագետներն, այնուամենայնիվ, հիշեցնում են, որ Ռուսաստանը մարտ ամսին բռնազավթել է Ղրիմը, այսօրվա դրությամբ պատերազմն Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում է։
Դեռ մի քանի շաբաթ առաջ պարտություններ կրող ռուս անջատականները հիմա հաջող գործողություններ են իրականացնում. ըստ Կիևի, նրանք առավելություն են ստացել բացառապես Ռուսաստանի անմիջական աջակցության և մասնակցության շնորհիվ։
Օգոստոսի 31-ին Պուտինը հայտարարել է, թե հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն այն դեպքում, եթե Կիևը անջատականների հետ բանակցի հարավ-արևելքում պետականություն սահմանելու շուրջ։
Պուտինի խոսնակը, սակայն, հայտարարել է, թե Մոսկվան չի պահանջում անկախություն շնորհել անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներին։
Ուկրաինայի բանակն այս օրերին ծանր հարվածների է ենթարկվում, հաղորդվում է, որ ուկրաինացիները հեռացել են Լուգանսկի և Դոնեցկի օդանավակայաններից։
Ըստ ՄԱԿ-ի, ապրիլից մեկնարկած մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 2600 մարդ, ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, տեղահանվածների թիվը առնվազն 260 հազար է։
ՆԱՏՕ-ն այս շաբաթ գումարում է գագաթնաժողով, որի օրակարգում առանցքային հարցը Ռուսաստանի ագրեսիային արձագանքելն է։