Փորձագետները ճիշտ են համարում Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի պաշտոնամուտին

Your browser doesn’t support HTML5

Փորձագետներն, ընդհանուր առմամբ, ճիշտ են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը, թեև վստահ չեն, որ առաջիկայում կարելի է նոր զարգացումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ սա Հայաստանի արտգործնախարարի համար լավ հնարավորություն է արդեն բանավոր հրապարակելու Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին ապրլիլ 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ։

«Քանի որ Հայաստանին Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հղվել էր պաշտոնական հրավեր, Հայաստանի մասնակցությունը լիովին տեղավորվում է այդ արարողակարգային ընդունված, գրված և չգրված նորմերին։ Նախարարի մակարդակով այցը, կարծում եմ, նորմալ է, նույնիսկ կարող էր լինել, ասենք, փոխնախարարի մակարդակով, բայց ընտրվել է այս տարբերակը։ Համենայն դեպս, նախագահի մակարդակով այցը, միանշանակ, սխալ կլիներ, այնպես որ այս տարբերակը նորմալ է»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը։

«Սա հասուն ու հաշվենկատ դիվանագիտական քայլ էր հայկական կողմից», - ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ փաստելով, որ էրդողանի կոշտ հայտարարություններից հետո, արտգործնախարարին գործուղելով Անկարա, Երևանը հստակ ազդակ է ուղարկում միջազգային հանրությանը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ։

«Նալբանդյանին այնտեղ ուղարկելով՝ Հայաստանն ավելի բարձրաստիճան պաշտոնյա է ուղարկում, քան, օրինակ, Միացյալ Նահանգները, ինչը հայերի կողմից բարի կամքի դրսևորում է և արտացոլում է հայկական դիրքորոշումը՝ իբրև բարոյական առումով առավել բարձր, հատկապես Էրդողանի նախընտրական արշավի ժամանակ արած շատ անպատասխանատու հայտարարությունից հետո»,- հայտարարեց Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ վիրավորական արտահայտություն էր թույլ տվել հայերի հասցեին՝ նշելով, որ իրեն վրացի են անվանել, և նույնիսկ ավելի վատ, հայ են անվանել, ինչին պատասխանել էր Հայաստանի նախագահը, ասելով, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է:

Պատմաբան, միջազգայնագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները հիմա պետք է փորձեն նոր օրակարգ ձևավորել՝ հարևան երկրի հետ հարաբերությունները հարթելու համար։

«Պետք է օդում ճիշտ որսալ որոշակի պահեր, սա դիվանագիտական հմտություն է, նրանք պետք է կարողանան այս ամենից ինչ- որ օգուտներ քաղել, դրական օրակարգ ստեղծել և, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ, պետք էր մեր արտաքին քաղաքական գերատեսչության առջև խնդիր դրվի ոչ թե վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունները, այլ փորձել նոր օրակարգ ձևավորել. պետք է գնալ ամենահեշտ, ամենակարճ ճանապարհով՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որից հետո միայն անցնել այն բոլոր խնդրահարույց, դժվար հարցերին, որոնք պարբերաբար քննարկվում են հայ-թուրքական հարաբերություններում»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Տեր-Մաթևոսյանը։

«Առաջիկայում տարածաշրջանում իրավիճակը կարող է փոխվել, երբ գործարկվի Կարս-Թբիլիսի Ախալքալաքով անցնող երկաթուղին։ Այդ պարագայում Հայաստանը շրջափակման մեջ պահելու թուրք-ադբեջանական ծրագիրը կարող է այլևս չգործել» -կարծիք հայտնց Տեր-Մաթևոսյանը։

«Եթե Հայաստանը կարողանա, Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալով հանդերձ, օգտագործել Կարս-Ախալքալաք երկաթգիծը, ապա Հայաստանի լեռներով, պետք է որ, ըստ տրամաբանության, կարողանա այդ երկաթգծով ուղղորդվել դեպի Եվրոպա։ Դա հնարավորություն է. արդյո՞ք մենք կկարողանանք դա օգտագործել՝ կասկածի տակ դնելով հայ-թուրքական սահմանի փակ մնալու ապագան»,- նշեց միջազգայնագետը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ավելացնում է, որ լավ կլինի, եթե Թուրքիան առաջիկա տարիներին, այդուամենայնիվ, Հայաստանի հետ հաստատեր դիվանագիտական հարբերություններ, բայց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ դա դեռ բավարար չէ։

«Եթե դա տեղի ունենա, դա հաղթանակ չի լինի։ Թուրքիան չպետք է գնահատանքի ու դրվատանքի արժանանա ոչ նորմալը նորմալ դարձնելու համար։ Ցեղասպանության ճանաչման ու երկկողմ հարբերությունները բարելավելու տեսանկյունից, դա կլինի, ընդամենը, առաջին քայլը, և չպետք է լինի վերջինը»,-ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։