Մատչելիության հղումներ

Թուրքիայում Էրդողանին քննադատում են հայերին վիրավորելու համար


Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանդիպման ժամանակ, 3-ը օգոստոսի, 2014թ․
Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանդիպման ժամանակ, 3-ը օգոստոսի, 2014թ․

Նախագահական քարոզարշավի ընթացքում Թուրքիայի վարչապետի հռետորաբանությունից դժգոհ են ոչ միայն երկրի ներսում:

Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը նախագահական ընտրություններից օրեր առաջ լուրջ քննադատության է արժանանում՝ հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:

Նախօրեին, մասնավորապես, թուրքական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում Էրդողանը մեղադրել է ընդդիմախոսներին իր դեմ կեղտոտ քարոզարշավ իրականացնելու համար ու մանրամասնել․ - «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել, կներեք արտահայտությանս համար՝ ասել են նաև, որ հայ եմ»:

Նախագահի թեկնածուի այս արտահայտությունն այսօր տեղ է գտել մամուլի առաջին էջերում: «Զաման»-ը փաստում է՝ վարչապետի ակնհայտ ռասիստական պնդումները վիրավորանք են երկրում ապրող փոքրամասնությունների հասցեին, «փորձելով պաշտպանել իրեն՝ Էրդողանը շատ ավելի դժվարին կացության մեջ հայտնվեց», - ընդգծում է «Հուրիյեթ»-ը, մինչդեռ ձախակողմյան «Բիրգյուն»-ը, որին, ի դեպ, ժամանակին թղթակցում էր նաև Հրանտ Դինքը, շատ ավելի հեռուն է գնացել և դիմելով Էրդողանին՝ գրել․ - «Քըլըչդարօղլուն ալևի է, Դեմիրթաշը՝ զազա, Իհսանօղլուն եգիպտացի է, իսկ դու՝ գող»:

Բանն այն է, որ քարոզարշավի ընթացքում Էրդողանն առաջին անգամը չէ օգտագործում ազգային կամ կրոնական պատկանելիությունը՝ ընդդիմախոսներին քննադատելու կամ վիրավորելու համար: Բոլորովին վերջերս, դիմելով հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Էրդողանը կոչ էր արել բացահայտ հայտարարել, որ նա արմատներով սերում է երկրում փոքրամասնություն կազմող ալևիներից՝ ակնհայտորեն նպատակ ունենալով այդ կերպ ամրապնդել իր դիրքերը սուննի մեծամասնության շրջանում: Ավելի վաղ, խոսելով ընդդիմության միասնական թեկնածուի մասին, նախագահի պաշտոնին հավակնող առաջնորդը հեգնանքով ասել էր՝ «նա նույնիսկ Թուրքիայից չէ, ծնվել է Եգիպտոսում»:

«Այդ դիրքորոշմամբ, խնդրեմ, գնացեք այլ երկրի նախագահ դարձեք», - այսօր գրել է «Թարաֆ»-ի՝ ծագումով հայ վերլուծաբան Հայկո Բաղդադը: «Կա՞ գոնե որևէ էթնիկ խումբ, որ դեռ չի արժանացել Էրդողանի՝ ատելությամբ լի խոսքերին», - իր հերթին հարցրել է ընդդիմադիր պատգամավոր Մելդա Օնուրը: «Հայ լինելը վիրավորակա՞ն բան է, թե՞ ամոթալի, բացատրեք խնդրեմ», - կոչ է արել CNN-Turk-ի մեկնաբան Նևշիմ Մենգյուն:

Ընդ որում, քարոզարշավի ընթացքում Էրդողանի նախընտրած հռետորաբանությունից դժգոհ են ոչ միայն երկրի ներսում: Միացյալ Նահանգներում թուրք - ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ զբաղվող կոնգրեսականների խումբը նախօրեին հատուկ նամակ է ուղարկել ու զգուշացրել, որ իր վերջին հայտարարություններով Էրդողանը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և որ այս պարագայում շատ դժվար է դառնում պաշտպանել Թուրքիայի շահերը Վաշինգտոնում:

Կոնգրեսականները, մասնավորապես, մեջբերել են Էրդողանի խոսքերը, թե Գազայում պաղեստինցիների դեմ իր գործողություններով ու բարբարոսությամբ Իսրայելը գերազանցում է անգամ Հիտլերին: «Նրանք կարծում են, թե այդ նամակներով կարող են վախեցնել ինձ, սխալվում են, որևէ մեկն իրավունք չունի խորհուրդ տալ՝ ինչ ասեմ և ինչպես», - անցած կիրակի դիմելով հազարավոր աջակիցներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Ի դեպ, սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ չնայած այս քննադատություններին, Էրդողանի վարկանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը առաջիկա կիրակի կայանալիք նախագահական ընտություններում, և չի բացառվում, որ Թուրքիայի վարչապետը նախագահական Չանկայա պալատ մտնի քվեարկության առաջին իսկ փուլով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG