Սևանից 60 տոկոսով ավելի ջուր կվերցվի, քան նախորդ տարի

Your browser doesn’t support HTML5

Կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:

Ընդ որում, ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, այսօրվա որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրևել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր անել:

Այսօրվա որոշմամբ գործադիրը վերանայեց 2014-ի ապրիլի 23-ի իր իսկ որոշումը, ըստ որի նախատեսվում էր այս տարվա ընթացքում Uևանից բաց թողնել առավելագույնը 240 միլիոն խորանարդ մետր ջուր:

Նշեմ, որ մինչև այս տարվա փոփոխությունները, «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:

Այսինքն՝ այսօրվա որոշմամբ Կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:

Գործադիրի նիստում հարցը ներկայացնում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը. - «Աննախադեպ սակավաջուր տարի էր, և արդեն հավաստի ինֆորմացիա ունենք` ոչ միայն մեր հանրապետության տարածքում: Բայց նաև հաշվի առնելով, որ Կառավարությունը աջակցություն տրամադրեց մեզ տարբեր ուղղություններով, մենք կարծում ենք, որ ոռոգման տարին օբյեկտիվորեն նորմալ կփակենք»:

Հատուկ այս հարցի համար կառավարության նիստին մասնակցող բնապահապան Կարինե Դանիելյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. - «Պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ լուրջ խնդիր ունենք ոռոգման հետ կապված և կլիմայի փոփոխության հետ կապված, բայց դա շատ լուրջ հարված է Սևանին այսօր: Ես կխնդրեի, որ մասնագիտական լուրջ խումբ ձևավորվի, որովհետև այդ խնդիրը ամեն տարի բարձրանալու է՝ կլիմայի փոփոխության հետ կապված, և ռացիոնալ ջրօգտագործման խնդիրները համատեղ մասնագետների հետ նայենք»:

Վարչապետի արձագանքը. - «Հանձնաժողովը ունենք: [Մովսիսյան] Վլադիմիր Միհրանիչն է ղեկավարում: Հարց չունենք. եթե կա դրա անհրաժեշտությունը, ստեղծենք, քննարկենք»:

Իսկ Անդրանիկ Անդրեասյանը հրապարակեց հետևյալ թվերը. - «Տարին սկսել ենք` ունենալով 1900 մետր 16 սանտիմետր Սևանի մակարդակ, այսօր, իրականացնելով 240 խորանարդ մետր ջրառ արդեն, ունենք 1900 մետր 36 սանտիմետր մակարդակ»:

Կառավարության նիստից հետո, սակայն, Կարինե Դանիելյանը լրագրողներին փոխանցեց հետևյալ թվերը. - «Տարին տարվա հետ են համեմատում. մինուս 10 սանտիմետր մենք արդեն ունենք անցյալ տարվա համեմատ` օգոստոս ամսվա դրությամբ: Եվ պրոգնոցը տալիս է, որ եթե այսպես շարունակվի, մենք հունվարը հունվարի հետ համեմատ կունենանք 12-14 սանտիմետր մինուս»:

Սևանի ջուրը մասնավոր ընկերության վա՞րկն է մարելու

Այս տարվա փետրվարին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանության արժանացրեց «РусГидро» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» ներդրումային ծրագիրը՝ նախատեսված 2014-2018 թվականների համար: Այդ ներդրումային ծրագրի շրջանակում կորպորացիան, որին պատկանում է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրը, Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից 52.3 միլիոն դոլարի վարկ է վերցրել:

Բնապահպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ապրիլի 23-ի որոշմամբ կառավարությունը առաջարկում էր մինչև 2019 թվականը թույլատրել Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները, և այդ ժամկետը տարօրինակ կերպով համընկնում է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» վարկային պարտավորության ժամկետի հետ:

Բնապահպանները նաև չեն բացառում, որ Սևանից ջուր բաց է թողնվում, որպեսզի ընկերությունը կարողանա ավելի շատ էլեկտրանէերգիա արտադրել և դյուրությամբ մարել իր վարկը:

Դանիելյանը համաձայնեց «Ազատության» դիտարկմանը, թե դա կնպաստի, որ Սևան-Հրազդան կասկադը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի. - «Իհարկե, զուգահեռ էլեկտրաէներգիան պետք է արտադրվի, բայց ասել, որ դրա համար են բաց թողնում, հաստատել չենք կարող: Որովհետև հիմա ոռոգման համար ջուր պետք է»:

Անդրադառնալով «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» վարկին` Դանիելյանն ասաց, որ Բնապահպանության նախարարի մոտ այդ խնդիրը քննարկվել է. - «Իրենք ներկայացրեցին իրենց թվերը... որ իրենք երբեք հատուկ էներգետիկ նպատակներով ջուր չեն վերցրել, միայն ոռոգման ռեժիմով են աշխատել, այդ վարկը ոչ մի կապ չունի: Այդ բոլոր քննարկումները նախարարի մոտ եղան, բայց ասեմ` ՀԿ-ները մնացին իրենց կարծիքին»: