Մատչելիության հղումներ

Նախագահին զայրացրեց ակադեմիկոսի հայտարարությունը


Նախագահին զայրացրել է ակադեմիկոսի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Ռուբեն Ջրբաշյանը Ակադեմիային կոչ էր անում արգելել Սևանի ջրի բացթողումը:

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զայրացրեց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի այն հայտարարությունը, թե չի կարելի թույլ տալ, որ Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն:

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում Ջրբաշյանը, մասնավորապես, կոչ արեց Ակադեմիային արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է:

«Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենալ ջուր: Հարգելի ընկերներ, հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը», - հայտարարեց ակադեմիկոսը:

Նշենք, որ Կառավարության հունվարի 30-ի որոշմամբ, որն առաջիկայում պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, առաջարկվում է մինչև 2019 թվականը ավելի քան 40 տոկոսով ավելացնել Սևանի ջրի բացթողնման տարեկան ծավալները:

Ակադեմիկոսը սա խիստ մտահոգիչ է համարում՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ, թե Սևանից բաց թողնվող ջրի որ տոկոսն է մեր ժողովուրդը օգտագործում, իսկ որքան է գնում Ադրբեջան՝ այն դեպքում, երբ գյուղացին իր հողը ոռոգելու խնդիր ունի:

«Մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան», - ասաց Ջրբաշյանը՝ շարունակելով․ - «Մենք զրկում ենք, թեկուզ անվճար տալուց, զրկում ենք մեր գյուղացուն ջրից՝ ջուրն ուղարկում ենք Ադրբեջան»:

Սերժ Սարգսյանին ակնհայտորեն դուր չեկան Ջրբաշյանի այս խոսքերը:

«Եթե պրոբլեմներ են առաջացել՝ կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա», - ասաց նախագահը:

Սարգսյանը չհամաձայնեց նաև ակադեմիկոսի այն դիտարկմանը, թե Սևանից բաց թողնված ջրի մեծ մասը գնում է Ադրբեջան: «Ես խնդրում եմ՝ Սևանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական, և Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում», - հայտարարեց նախագահը:

Ջրբաշյանը միակ ակադեմիկոսն էր, ով Սևանա լճից բացի խոսեց նաև գիտնականների աշխատավարձերի մասին՝ հայտարարելով, որ 60-70 հազար դրամով հնարավոր չէ գիտական նվաճումներ կատարել։

«Չի կարելի այդպես շարունակել և սպասել ինչ-որ մեծ գիտական նվաճումների»,- ասաց նա։

Ակադեմիկոսի այս խոսքերը դահլիճում հավաքված գիտնականները ողջունեցին ծափերով, իսկ նախագահ Սարգսյանը ի պատասխան ասաց, թե վարչապետի կայքում կլինի փաստաթուղթը, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը կենսաթոշակային հիմնադրամի վերաբերյալ։

«Եվ կտեսնեք, որ կառավարությունը իրոք քայլեր էր ձեռնարկում»,- ասաց նախագահը։

Գիտնականների սոցիալական խնդիրների մասին խոսեց նաև Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը։ Նա ընդգծեց, որ մոլորակային գիտությունների ֆրանսիական դոկտոր է, բայց անգամ ֆրանսիական դիպլոմը դառնում է ինքնանպատակ։ Միջին սերնդի այս գիտնականը իր երկրում ապրելու համար ընդամենը մարդավայել աշխատավարձի հարց բարձրացրեց։

«Ես մնալու եմ Հայաստանի Հանրապետությունում, ծառայելու եմ իմ երկրին ու իմ ազգին, բայց միևնույն ժամանակ ակնկալում եմ մարդավայել աշխատավարձ և մարդավայել պայմաններ։ Այսօր մեզ մոտ կա շատ անհանդուրժողական մթնոլորտ, մեկը ունի մի քանի մեքենաներ՝ «Ջիփ», «Բրաբուս»-ներ... մյուսը անգամ կոշիկ չունի աշխատանքի գալու»,- ասաց գիտնականը։

Գալոյանը առաջարկեց, որ տարբեր հավաստագրերից բացի գիտնականներին գոնե փոքրիկ նվերներ արվեն.- «Ենթադրենք մի հեծանիվ։ Ինչի համար եմ ասում հեծանիվ, մի ծիծաղեք, որովհետև հեծանիվը քաղաքակիրթ տրանսպորտի միջոց է։ Երբ որ մեր նախարարները աշխատանքի կմեկնեն հեծանիվով, այն օրից կսկսվի մեր ազգի բարեկեցությունը։ Շնորհակալությո՛ւն ուշադրության համար»։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն, ի պատասխան, ասաց. - «Հեծանիվը անձամբ խոստանում եմ»։

«Նախարարների՞ն, թե՞՝ երիտասարդից մի քիչ ավելի բարձր տարիք ունեցող մեր հարգարժան ընկերոջը»,- հարցրեց Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG