Իլհամ Ալիևը մի քանի ժամ է անցկացրել շփման գծի Աղդամի հատվածում

Your browser doesn’t support HTML5

Այսօր կեսօրին` շփման գծում բախումների ակտիվացման մեկնարկից մոտ մեկ շաբաթ անց, Իլհամ Ալիևը ժամանել է Աղդամի շրջանի` ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատված:

Խորհրդային բանակի մարշալի ուսադիրներ հիշեցնող տարբերանշաններով զարդարված զինվորական համազգեստ կրող Ալիևը սկզբում ժամանել է Ղուզանլը գյուղ, որն այժմ Աղդամի շրջանի վարչական կենտրոնն է հանդիսանում, և հանդիպել տեղի բնակիչների հետ:

Հետագայում Ալիևը մեկնել է առաջնագիծ, որտեղ նրան դիմավորել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն Ալիևը դիրքերում նվերներ ու պատվոգրեր է հանձնել վերջին բախումների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին նշելով, թե նրանք «հաջողությամբ կարողացել են հետ մղել հայկական հարձակումը»:

Ալիևը այսօր Աղդամում նաև օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել բանակի հրամանատարության հետ, որի մանրամասները, ինչպես և կարելի էր ենթադրել, ադրբեջանական լրատվամիջոցները չեն փոխանցում:

Ընդհանրապես Ալիևի` Աղդամում այսօր հնչեցրած հայտարարությունների հարցում ադրբեջանական կայքերն ու հեռուստաընկերությունները այսօր այնքան էլ շռայլ չէին: Հայտնի է միայն, որ դիմելով պարգևատրված զինվորականներին, Ալիևը հայտարարել է.- «Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանական բանակը կազատագրի օկուպացված տարածքները»:

Եվ չնայած այդ օրն, ըստ Ադրբեջանի նախագահի, հեռու չէ, այդուհանդերձ, դա չի խանգարել Իլհամ Ալիևին մասնակցել նաև Աղդամի շրջանի Իմամգուլուբեյլի գյուղում գտնվող նորակառույց թաղամասի բացմանը, որ նախատեսված է Աղդամ քաղաքը, ինչպես նաև Շուշին և Խոջալուն լքած ադրբեջանցի փախստականների մշտական բնակության համար: Վերջին 20 տարիներին այս մարդիկ բնակվում էին Աղդամի շրջանի ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածում տեղակայված ժամանակավոր կացարաններում:

Եվ քանի դեռ Իլհամ Ալիևը այցելում էր շփման գիծ` երկրի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` սպառնալով ոչնչացնել հայկական այն բոլոր ռազմական օդանավերը, որոնք կհայտնվեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում: Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունը պատասխանն էր հայկական կողմից ավելի վաղ հնչեցված այն տեղեկատվությանը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմում գործող ռազմական ավիացիան այսօրվանից հերթապահություն է իրականացնելու շփման գծի երկայնքով:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահամանագծի հյուսիս-արևելյան հատվածում տիրող կացությանը, ապա այստեղ, ըստ ադրբեջանական աղբյուրների, փոխհրաձգությունները շարունակվում են:

Haqqin.az կայքի տեղեկություններով՝ հայկական ուժերը անցած գիշեր գնդակոծել են Գեդաբեկի շրջանի Շընըղ գյուղը: «Գյուղացիներից մեկը բողոքեց մեզ, որ ադրբեջանական բանակը չի շտապում պատասխան կրակ արձակել: Գեդաբեկցի գյուղացու պնդմամբ՝ պատճառը բարձագույն սպայակազի հրամանն է»,- գրում է Haqqin.az -ը` պնդելով, թե հրամանատարները զինծառայողներին իբր պարտադրում են հաշվետու լինել ծախսված յուրաքանչյուր փամփուշտի համար:

Ադրբեջանական մեկ այլ` ընդդիմադիր Meydan TV կայքի նկարահանող խումբն օրերս այցելել էր Ղազախ քաղաքից ոչ հեռու գտնվող Նոյեմբերյանի շրջանին սահմանակից Ղուշչու Այրըմ գյուղ: Տեղի բնակիչները ևս բողոքում էին իրենց բնակավայրում տեղակայված ադրբեջանցի զինվորականների և շրջանային իշխանությունների գործողություններից:

«Մեզ հարկավոր է, որ գյուղում մշտապես շրջկենտրոնից պաշտոնյաներ լինեն: Երբ նրանք այստեղ են, հայերը գնդակոծությունը դադարեցնում են, հենց գնում են գյուղից, գնդակոծությունը վերսկսվում է»,- նշում է Ղազախի շրջանի բնակիչ Վելի Սուլեյմանովը:

Ղուշչը Այրըմի մեկ այլ բնակիչ էլ` Ասլան Փիրալիևը, ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ադրբեջանական բանակի զինծառայողներին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը Նոյեմբերյանի հետ սահմանագծին գտնվող բարձունքները կորցրել են պատերազմի ավարտից հինգ տարի անց:

«1999 թվականի հունվարի 24-ին, թե 27 ին էր, որ հայկական ուժերը գրավեցին գյուղին հարակից բոլոր բարձունքները: Բանակը առաջ չգնաց, և հայերը գրավեցին մեր զինվորականների կողմից լքված բոլոր դիրքերը: Ես անձամբ գնացի Ղազախ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին ասացի՝ մի քայլ ձեռնարկեք, մի բան արեք, բայց ապարդյուն: Ղազախում ինձ ասացին, որ հարձակման հրաման չունեն»,- նշում էր գյուղի բնակիչը:

Meydan TV-ի լրագրողները նաև տեղեկացնում են, որ հանգստյան օրերին գյուղի բնակիչներից շատերը` հատկապես կանայք և երեխաները, հեռացել էին Հայաստանի հետ սահմանակից այս գյուղից` վախենալով հայկական ուժերի ցամաքային հարձակումից:

«Մեզ այստեղ ռազմական օժանդակություն է հարկավոր: Բա որ հանկարծ հայերը հարձակման անցնեն»,- լրագրողներին իր մտավախություններն է հայտնել Ղազախի շրջանի բնակիչ Քյամալ Ալիևը: