Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ Սոչիում Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումից հետո ինչ-որ դրական տեղաշարժ կլինի։ Վանաձորում «Ազատության» հարցին պատասխանելով՝վարչապետն ասաց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով։
«Համոզված եմ, որ նաև Ադրբեջանի իշխանությունները նկատեցին, որ ուժի դիրքից խոսելը ոչ մի օգուտ չի տալիս իրենց ժողովրդին, իրենց բանակին, իրենց իշխանություններին։ Համոզված եմ, որ դա կլինի, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և խնդիրը լուծենք խաղաղ քննարկումների արդյունքում, դա ճիշտ բան է»,- ասաց Աբրահամյանը։
Վարչապետն ասաց՝ չի կարծում, որ վերջին օրերին սահմանային լարվածությունը կվերաճի պատերազմի։ Ըստ Աբրահամյանի՝ պատերազմը ոչ Ադրբեջանին, ոչ Ղարաբաղին, ոչ էլ Հայաստանին որևէ լավ բան չի տալու։
«Կարծես թե ադրբեջանցիները վերջին օրերին հասկացան, որ ուժի դիրքից խոսելը ոչ մի օգուտ չի տալիս իրենց ժողովրդին, որովհետև եթե համադրում ենք կորուստները՝ մեկին ութ է։ Բայց մեզ համար մեկ կորուստը շատ մեծ ցավ է պատճառում, ես չգիտեմ իրենց մոտ ինչպես է, բայց համոզված եմ, որ հարազատների, ծնողների համար մեծ ցավ է։ Ամեն դեպքում մենք կողմնակից ենք խաղաղության և գնում ենք այդ քայլերին և դեմ ենք նման լարվածություն ստեղծելուն»։
Եթե մեզ պարտադրեն, մենք մեր հայրենիքը պաշտպանելու ենք, ասում է վարչապետը և միևնույն ժամանակ շեշտում՝ իրենք բազմիցս են հայտարարել, որ կողմ են խաղաղ կարգավորմանը։
«Կրկնում եմ, ադրբեջանցիները հասկացան, որ ուժի դիրքից ելնելով խնդրին լուծում չեն կարողանալու տալ։ Մենք ունենք մարտունակ բանակ և ի զորու ենք մեր երկիրը պաշտպանելու՝ և Արցախը, և Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց Աբրահամյանը։
Վարչապետը Վանաձորում մասնակցում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը։ Այնտես էին հավաքվել նաև «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։
Գործարանի աշխատողները փորձում էին վարչապետից ճշտել, թե երբ կստանան աշխատավարձերը և ինչ ապագա է սպասվում «Քիմպրոմ»-ին։
«Ես՝ որպես վարչապետ, շատ եմ կարևորում, որ աշխատի»,- ասաց վարչապետը.- «Եթե կառավարությունից կախված հարց լինի, մենք կօգնեք, որ մարդիկ աշխատեն, աշխատանք ունենան»,- ասաց Աբրահամյանը։